Հայկական պետության «զրոյական կետը»

Հայկական պետության «զրոյական կետը»

Արցախյան երրորդ պատերազմի ավարտից անմիջապես հետո մեր տարածաշրջանի հիմնախնդիրներով զբաղվող փորձագետները, ի թիվս այլ խնդիրների, բարձրացրին նաեւ հետխորհրդային երկրների կենսունակության եւ ինքնաբավության հարցը։ Նման քննարկումներ քաղաքագիտական շրջանակներում, իհարկե, վաղուց կան։ Դրանք հիմնականում պայմանավորված էին ներքին ու արտաքին մարտահրավերներին այս կամ այն պետության արձագանքելու եւ դրանք հաղթահարելու կարողության դրսեւորմամբ։ Մեր տարածաշրջանի երկրների պարագայում այդ դիսկուրսը սկսվեց 2003 թվականին Վրաստանում տեղի ունեցած, այսպես կոչված, Վարդերի հեղափոխությանը հաջորդած զարգացումների հետեւանքով։ Սահակաշվիլիի կառավարման առաջին իսկ օրերից, անգամ մինչեւ 2008 թ. վրաց-օսական պատերազմի սկիզբն ու դրա կործանարար հետեւանքները Վրաստանի համար, շատերին արդեն պարզ էր, որ երկիրը կորցրել է ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունները, գրեթե ամբողջությամբ հայտնվել է արտաքին կառավարման ներքո եւ տարածաշրջանում սպասարկում է բացառապես օտարների, ավելի կոնկրետ` Արեւմուտքի եւ ինչ-որ չափով թուրք-ադրբեջանական դաշինքի աշխարհաքաղաքական շահերը։

2000-ականների կեսերից փորձագիտական հետազոտություններում, մամուլի հրապարակումներում, անգամ շատ քաղաքական առաջնորդների բառապաշարում Վրաստան անվան կողքին հայտնվեց «failed state» (տապալված, չկայացած պետություն) բնութագրումը, որը հետագայում ոչմիայն ոչ ոքի կողմից չվիճարկվեց, այլեւ ավելի ամրապնդվեց ժամանակակից քաղաքագիտության մեջ։

2004 թվականի վերջից գունավոր հեղափոխությունների շրջափուլի մեջ մտավ նաեւ Ուկրաինան։ Նարնջագույն հեղափոխությունից մինչեւ Եվրոմայդան ընկած տասը տարիների քաղաքական վայրիվերումներն ի վերջո ոչնչացրին Ուկրաինայի կառավարման համակարգերը, տնտեսությունը, հանրային միասնությունը եւ հանգեցրին տարածքային լուրջ կորուստների։ 2014 թվականի մարտից Ուկրաինան քաղաքագիտական հետազոտություններում վերջնականապես սկսեց ներկայացվել որպես տապալված պետություն։

Ցավոք, 2018 թվականից նույն ուղին բռնեց նաեւ Հայաստանի Հանրապետությունը։ Սկզբում, այսպես կոչված, թավշյա հեղափոխություն, հետո` պետական ինստիտուտների կործանում, ազգային արժեքների ոտնահարում, ժողովրդի նվիրյալների հեղինակազրկում եւ վերջում՝ ջախջախիչ պարտություն պատերազմում, հազարավոր կորուստներ ու հայրենազրկում…

2020 թ. նոյեմբերին միջազգային հանրության ընկալումներում Հայաստանը համալրեց տապալված պետությունների շարքը։ Բայց ոչ միայն միջազգային հանրության ընկալումներում։ Ցավոք, այսօր նման խոսակցությունները շատ են նաեւ Հայաստանում եւ հայ ժողովրդի շրջանում։ Մարդկանց հետ զրուցելիս հաճախ կարելի է լսել այնպիսի մտքեր, թե «հայերն այդպես էլ չկարողացան պետություն կառուցել», «մեզ ուժեղ ձեռք է պետք», «միանանք Ռուսաստանին» եւ այլն, եւ այլն։ Իհարկե, հասկանալի է, որ սա պարտության եւ դրանից առաջացած խոր հիասթափության հետեւանք է։ Բայց նաեւ պետք է խոստովանել, որ նման տրամադրությունները շատ վտանգավոր են։ Դրանք ի վերջո կարող են համոզմունք դառնալ մեր ժողովրդի շրջանում՝ նպաստելով պետության էլ ավելի թուլացմանն ու կազմաքանդմանը։ Հետեւաբար անհրաժեշտ է օր առաջ վերջ տալ այս ոճի ներազգային քննարկումներին՝ փոխարենը ժողովրդին առաջարկելով մտածել ճգնաժամից ելքեր գտնելու եւ երկրի ամուր ապագա կառուցելու մասին։

Երկրորդ դատողությունը, որ վերջին շրջանում արվում է մեր ժողովրդի մասին, այն է, թե իբր հայերը հոգնել են։ Ամեն ինչից են հոգնել՝ պատերազմներից, մրցակցությունից, քաղաքականությունից եւ այլն։ Որպես այս թեզի ճշմարտացիությունն ապացուցող փաստարկ` փորձագետներն ու հասարակական-քաղաքական գործիչները նշում են մեր հազարամյա պատմությունը. Իբր թե հին ժողովուրդ ենք եւ հիմա ընդամենը հանգիստ ծերություն ենք ցանկանում։ Նույնը, իդեպ, ասվում է տարածաշրջանի այլ ժողովուրդների, այդ թվում նաեւ` ռուսների մասին։ Ընդ որում, որպես այդ երեւույթի հակառակ օրինակ հաճախ հիշատակվում են թյուրքական ժողովուրդները։

Առաջին հայացքից նման քննարկումները նույնպես կարող են օրինաչափ թվալ, բայց կան հանգամանքներ, որոնց անտեսումը միանգամայն այլ՝ իրականությանը չհամապատասխանող պատկերներ է ստեղծում հետազոտողների ու քաղաքական գործիչների մտքում։ Դրանցից ամենապարզ օրինակն այն է, որ ազգերի ծեր կամ երիտասարդ լինելը, էլ չենք խոսում հոգնած կամ առույգ լինելու մասին, ամենեւին էլ պայմանավորված չէ նրանց կազմավորման ժամանակաշրջանով։ Այդպիսի դատողություններ անելիս ժամանակակից գիտությունն առավելապես հենվում է ռուս նշանավոր գիտնական Լեւ Գումիլյովի ազգերի էթնոգենեզի տեսության հայտնի դրույթների վրա։ Այո՛, հայերը հին ժողովուրդ են, դարերի ընթացքում ունեցել են վերելքներ եւ անկումներ, բայց ներկայումս մենք պասսիոնիրիզմի նոր ժամանակաշրջանի առաջին փուլում ենք, որի ընթացքի կառավարման արդյունավետությունից է կախված` կիրացվի՞ արդյոք վերելք ապրելու մեր ներուժը, թե՞ ոչ։

Ասել է թե` մեր ժողովուրդը եկել հասել է կարեւոր հանգրվանի, որից այն կողմ անցնելու համար անհրաժեշտ է վերագնահատել, արժեւորել առնվազն ՀՀ անկախության բոլոր տարիները, հասկանալ մեր պետության ու ժողովրդի կարողության սահմանները եւ ըստ այդմ զարգացման նոր ծրագրեր մշակել։ Բայց մինչ այդ երկու կարեւոր հանգամանք կա, որ պետք է հասկանալ:

ա) Հայկական պետության անկախության վերականգնումն ու դրան հետեւած մեր ձեռքբերումները, այդ թվում նաեւ` տարածքային, պայմանավորված չեն եղել բացառապես հայ ժողովրդի համազգային կարողությունների կենտրոնացմամբ եւ այդ ուղղությամբ տարված պայքարով։ Դրանց համար բարենպաստ այլ պայմաններ էլ են եղել, որոնց հանրագումարը նվազ օգտակար չի եղել, քան մեր գործադրած ջանքերն էին։ Այսինքն` մինչ Արցախյան երրորդ պատերազմը գոյություն ունեցած Հայաստանը (իհարկե, ներառյալ Արցախը) կիսով չափ մեր պայքարի, կիսով չափ էլ հանգամանքների դասավորման արդյունք էր։ Քննարկման այլ թեմա է, թե անկախության 30 տարիների ընթացքում Հայաստանի բոլոր տարածքները յուրացնելու, ժողովրդին էլ ամբողջ ունեցվածքի լիարժեք տերը դարձնելու հնարավորություն ունեցե՞լ ենք, թե՞ ոչ։ Ես համոզված եմ, որ ունեցել ենք եւ պարտավոր էինք անել։ Դա մեր ամենամեծ բացթողումն է, որի մասին թերեւս մեկ այլ առիթով կգրեմ։

բ) Հայաստանի ներկայիս վիճակն էլ չի համապատասխանում մեր ժողովրդի ներուժին։ Մի շարք հանգամանքների բերումով հայկական պետություններն ու հայ ժողովուրդը պատրաստ չէին Արցախյան երրորդ պատերազմին։ Դրա հետեւանքով մեր կորուստներն էլ շատ ավելի մեծ եղան, քան կարելի էր պատկերացնել անգամ վատագույն սցենարի զարգացման դեպքում։

Այս երկրորդ հանգամանքն առավել քան պարտավորեցնող է։ Հայաստանն այսօր այլ ելք, քան վերականգնման քաղաքականություն մշակելն ու իրականացնելն է, պարզապես չունի։ Որովհետեւ եթե կա ներուժ, ապա այն անպայման պետք է իրացվի։ Այլ հարց է, որ մեր հայրենակիցներին այսօր շատերն են փորձում համոզել, թե նման հնարավորություն չկա։ Դրան են միտված հայ ժողովրդի հոգնած լինելու, սեփական պետություն պահելու անկարողության եւ թշնամու հետ խաղաղ ապրելու մասին ակտիվորեն տարածվող բոլոր թեզերը։ Դրանց հեղինակներն ու քարոզիչներն էլ հայտնի է, թե ովքեր են։ Բայց, անկախ այդ ամենից, կան իրողություններ, որոնք հնարավոր չէ շրջանցել։ Դրանցից ամենակարեւորն այն է, որ հայ ժողովուրդը հոգեւոր, մշակութային, սոցիալական, քաղաքական վերելքի փուլում է։ Այդ փուլը սկսվել է 1960-ական թվականներից եւ դեռ զարգացման երկարատեւ ժամանակաշրջան ունի։ Իհարկե, ընթացքում փորձություններ եւ խանգարող հանգամանքներ էլ կլինեն։ 2018 թ. հեղաշրջումն ու Արցախյան երրորդ պատերազմը դրանց թվում էին։ Բայց չի կարելի թույլ տալ, որ այդ փորձությունները խոչընդոտեն ժողովրդի վերելքը։ Ճիշտ հակառակը` դրանցից պետք է դասեր քաղել եւ ամեն ինչ անել, որպեսզի դրանք, վերածվելով նոր նպատակադրումների, շատկարեւոր ազդակներ հաղորդեն ազգային վերելքին։

Ելնելով վերոգրյալից՝ ուզում եմ կարեւոր եզրահանգում անել՝ ես չէի շտապի Հայաստանը գրանցել տապալված պետությունների շարքում։ Այո՛, խնդիրները շատ են, բայց պետության համար գոյություն ունեցող պայմանական զրոյական այս կետը շատ հնարավորություններ է պարունակում։ Ուստի բոլորիս մտորումներն այժմ միայն դրա շուրջ պետք է լինեն՝ օր առաջ իրացնելու այդ հնարավորությունները եւ դուրս գալու ճգնաժամից։ Հաջորդիվ ավելի հեշտ է լինելու։ Վստահեցնում եմ։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Դրօշակ, Թիվ-4 (1650), 2021, Ապրիլ

Հետևեք մեզ նաև Telegram-ում