Զախարովան անդրադարձել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու Ալիևի մտադրությանը

Զախարովան անդրադարձել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու Ալիևի մտադրությանը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ապրիլի 15-ին կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու մտադրության մասին Իլհամ Ալիևի հայտարարությանը:

«Չենք կարող չողջունել նախաձեռնությունները, որոնք ուղղված են Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղության, բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը: Դրա համար հուսալի հիմք են հանդիսանում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև անցյալ տարվա նոյեմբերի 9-ին և այս տարվա հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունները: Պատրաստ ենք հետագայում ևս ամեն կերպ աջակցություն տրամադրել նմանօրինակ գործընթացներին»,– ասել է Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը պատրաստ է որպես միջնորդ մասնակցել այդ խաղաղության պայմանագրի մշակմանը և կա արդյոք դրա բովանդակության մասին տեսլական:

«Իհարկե, Հայաստանը և Ադրբեջանը դեռ գտնվում են փոխադարձ վստահության անհրաժեշտ մակարդակի ձևավորման և երկկողմ հարաբերությունների կարգավորման բարդ ուղու սկզբում: Կարևոր է, որ այդ ճանապարհն ուղեկցվի դրական տրամադրվածությամբ, այդ թվում և տեղեկատվական ոլորտում: Պետք է հաղթահարել բազմաթիվ դժվարություններ և խոչընդոտներ՝ փոխգործակցություն ձևավորելով մեր ադրբեջանցի և հայ ընկերների հետ: Շեշտը դնում ենք այն հանգամանքի վրա, որ Հարավային Կովկասի կայուն տնտեսական զարգացումը բխում է այդ տարածաշրջանում Ռուսաստանի բոլոր գործընկերների շահերից։ Հույս ունենք, որ գործնական հարցերում կողմերը կձգտեն հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին»,- հավելել է դիվանագետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում