3300 կյանքերն էին Հայաստանի ապագան, դուք չէիք. Անի Սամսոնյանը՝ իշխանությանը

3300 կյանքերն էին Հայաստանի ապագան, դուք չէիք. Անի Սամսոնյանը՝ իշխանությանը

Ձեր խնդիրն այն է, որ դուք 2020 թվականին չդարձաք ավելի լավ իշխանություն, և վարչապետը չդարձավ ավելի լավ ղեկավար, քան 2019 թվականին և 2019 թվականին ավելի լավ ղեկավար չէր, և դուք ավելի լավ իշխանություն չեք, քան 2018 թվականինն էր: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը՝ դիմելով «իմ քայլը» խմբակցությանը:

«Դուք ձեզ միշտ համեմատել եք նախկինների հետ, զբաղվել եք ինքնախաբեությամբ՝ որպես սրտի մխիթարանք և չեք դարձել ավելի լավը։ Սա է պատճառը, որ մենք այլևս ձեզ հետ որևէ հույս չենք կապում: Զարմանալի է, որ դուք ուրախանում եք, որ ձեզ կարող են համեմատել միայն նախկինների հետ՝ նախկինների նկատմամբ ատելությամբ լցված մարդիկ և դրանով միայն ձեզ գնահատեն, որովհետև այլ արժանիք՝ որպես իշխանություն, որպես ղեկավար, չունեք»,-ասաց նա:

Անի Սամսոնյանը նշեց, որ Հայաստանը նրանց հետ ապագա չունի, բայց առանց նրանց հաստատ կունենա: «Դուք պետք է հեռանաք՝ ձեզ հետ տանելով սևն ու սպիտակը, կեղծը և սուտը, քաղաքացիական ատելությունը և մեր բոլոր անհաջողությունները»,-ասաց նա:

Անդրադառնալով նույն խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանին ուղղված մեղադրանքներին, ըստ որի՝ իր անձն է կարևորում, Անի Սամսոնյանն ասաց. «Ավելի լավ է անձն իրենից ինչ-որ արժեք ներկայացնի և երբեմն իր անձը կարևորի, քան թե ուրիշի անձը, քծնելով բոլշևիկի նման՝ ինքնամոռաց ծափ տա»,-ասաց նա:

Անի Սամսոնյանը նշեց, որ պատերազմը մեր գլխին սառը ջուր լցրեց այն առումով նաև, որ ոչ մի պետական կառույց պատրաստ չէր, այն, ինչ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը իշխանության է եկել նախապատերազմական վիճակում:

Նա, գնահատելով կառավարության աշխատանքը, այն ձախողված համարեց և անդրադառնալով պատերազմի զոհերին, նշեց. «3300 կյանքերն էին Հայաստանը, դուք չէիք Հայաստանի ապագան, նրանք էին»,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում