Ալիևը կատաստրոֆիկ շտապողականություն է ցուցաբերում, հասկանում է, որ այն, ինչ այսօր կա, անբնական է. Կարեն Բեքարյան (տեսանյութ)

Ալիևը կատաստրոֆիկ շտապողականություն է ցուցաբերում, հասկանում է, որ այն, ինչ այսօր կա, անբնական է. Կարեն Բեքարյան (տեսանյութ)

Իշխանությունները շարունակում են ձևավորել կեղծ օրակարգեր, որոնք մի կողմից այս իշխանության համար ստեղծում են հավելյալ ժամանակ, մյուս կողմից հնարավորություն են տալիս պատասխանատվությունը բարդել ուրիշների վրա: Այս մասին «Տողերի արանքում» հաղորդաշարի հերթական թողարկման եթերում նշել է «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանը:

«Այս արհեստական օրակարգը հասցվել է այն մակարդակի, որ Ազգային ժողովի ամբիոնից պատգամավորը հարց է հղում վարչապետին՝ հիմա վերջապես Թուրքիան մեզ թշնամի՞ է, թե՞ ոչ: Այստեղ հարցը այն չէ, թե դու ինչպես ես սահմանում», – նշել է նա՝ ընդգծելով, որ այսօր Ադրբեջանի և Թուրքիայի պահվածքը որևէ կերպ բարեկամական չէ:

Կարեն Բեքարյանի կարծիքով, համոզիչ են հնչում ԱԳ նախարարի խորհրդականի հավաստիացումներն առ այն, որ մենք Թուրքիայի հետ չունենք բանակցությունները, և Ցեղասպանության ճանաչման խնդիրը մեր արտաքին քաղաքական գերակայությունների մեջ է: «ԱԳՆ-ում վստահ չէին, որ բացի նոյեմբերի 10-ի հայտարարությունը, կան այլ պայմանավորվածություններ: ԱԳՆ-ն տեղյա՞կ է, թե իրականում ինչ է անում այս երկրի վարչապետ կոչվածը», – նշել է նա:

Անդրադառնալով Ալիևի պահվածքին՝ Կարեն Բեքարյանը նշել է, որ վերջինս պայքարում է այս իշխանությունների երկար մնալու համար. «Պատահական չեմ համարում, որ գերիների և անհետ կորածների հարցը գնում է դեպի, այսպես կոչված, նախընտրական շրջան»:

«Ալիևը չի լուծում հումանիտար խնդիրները, որոնք նա նոյեմբերի 10-ին ստանձնել է որպես պարտավորություն, և փորձում է այն օգտագործել որպես լրացուցիչ շանտաժ մեր հանրության նկատմամբ», – նշել է նա՝ ընդգծելով, որ Ալիևը Հայաստանի գործող իշխանությանը շանտաժի ենթարկելու խնդիր չունի, քանի որ այսպես թե այնպես նրանցից ստանում է իր ուզածը:

Վերլուծաբանն Ալիևի գործողություններում շտապողականություն է տեսնում: «Ալիևն արդեն հոխորտում է համաշխարհային դերակատարների հասցեին, նույն Մինսկի խմբի համանախագահ երկրների հասցեին: Փորձեք նայել նրա բառակազմը: Ամեն ինչ սկսում և ավարտվում է նրա կատաստրոֆիկ շտապողականությամբ, քանի որ հասկանում է, որ այն, ինչ այսօր կա, դեմ է ցանկացած բնական գործընթացի, որի պարագայում այս իշխանությունները չէին կարող մնալ, ուր մնաց հավակնեին ընտրություններ նշանակելուն և այդ ընտրական գործընթացին մասնակցելուն», – նշել է նա:

«Այս իշխանությունները մեզ մտցնում են փակուղի, մեր առաջ դրվում է այլընտրանք՝ պատերա՞զմ, թե՞ անարժանապատիվ ապագա: Եվ ոչ մեկ չի ուզում իրեն հարց տալ, որ կարելի է ձգտել խաղաղության և ունենալ այդ խաղաղությունը՝ պահպանելով արժանապատվությունը և հասնելով արդարության: Մեզ ուզում են հնարավոր և անհնար բոլոր եղանակներով ուղերձ հասցնել, որ դա հնարավոր չէ և այդ ուղերձի մի էական հատվածը վերաբերում է ընտրություններ հայտարարելուն», – եզրափակել է Կարեն Բեքարյանը:

Մանրամասն տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում