«Շփման գծում իրավիճակը շարունակում է լարված մնալ». Ուկրաինայի ԱԳ նախարար

«Շփման գծում իրավիճակը շարունակում է լարված մնալ». Ուկրաինայի ԱԳ նախարար

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան տեղեկացրել է, որ Դոնբասի շփման գծում իրավիճակը շարունակում է լարված մնալ և հավելել, որ Ուկրաինայի զինված ուժերին հրահանգվել է չպատասխանել սադրանքներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Շփման գծում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ուկրաինական զորքերը հրաման են ստացել չարձագանքել սադրանքներին: Ցավոք, մյուս կողմն անում է հնարավոր ամեն ինչ նրանց սադրելու համար», – ասել է Կուլեբան և հավելել, որ 2021 թվականի հունվարից ի վեր սպանված 30 ուկրաինացի զինվորներից շատերը զոհվել են դիպուկահարի կրակոցից։

«Դիպուկահարի կրակոցը դիտավորյալ սպանություն է», – նշել է Ուկրաինայի ԱԳ նախարարը։

Նշենք՝ Դոնբասում իրավիճակի սրման ֆոնին Մոսկվայի և Կիևի հարաբերությունները վատթարացել են: Ուկրաինայի իշխանությունները և արևմտյան երկրները բազմիցս մեղադրել են Ռուսաստանին Ուկրաինայի ներքին գործերին միջամտելու համար: Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ ինքը ներքին ուկրաինական հակամարտության կողմ չէ, և շահագրգռված է, որ Կիևը դուրս գա քաղաքական և տնտեսական ճգնաժամից:

2014 թվականի ապրիլին Ուկրաինայի իշխանությունները ռազմական գործողություններ են սկսել ինքնահռչակ հանրապետությունների դեմ, որոնք իրենց անկախությունն էին հռչակել 2014-ի փետրվարին Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո:

ՄԱԿ-ի վերջին տվյալների համաձայն՝ հակամարտության զոհ է դարձել շուրջ 13 հազար մարդ:

Ներկայում քննարկվում է Դոնբասում իրավիճակի կարգավորման հարցը, այդ թվում՝ Մինսկում կայացած շփման խմբի հանդիպումների ժամանակ, որը 2014 թվականի սեպտեմբերից արդեն ընդունել է երեք փաստաթուղթ, որոնք կարգավորում են հակամարտության լարման սրման քայլերը:

Այնուամենայնիվ, նույնիսկ հակամարտության կողմերի միջև կնքված զինադադարի պայմանագրերից հետո հակամարտությունը դեռևս շարունակվում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում