Ծաղրածուի այդ հնարքին ծափահարում են բոլորը. ծափահարում է լուզերների իշխանություն կոչվածը. քաղաքագետ

Ծաղրածուի այդ հնարքին ծափահարում են բոլորը. ծափահարում է լուզերների իշխանություն կոչվածը. քաղաքագետ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Պատմությունց դասեր քաղելու փոխարեն մենք շարունակում ենք խաղալ ազգակործան պատուհաս մոդերատորի խաղը: Խաղ, որն իր տրամաբանությամբ չի տարբերվում 2018-ին հրապարակ բերված խաղից՝ «կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանի Հանրապետությունը վարչապետ չի ունենա» խաղից: Կապիտուլյանտ մոդերատորը կրկեսի վերածված Հայաստանի Հանրապետությունում ծաղրածուի պես էլի ու էլի դուրս է գալիս մանեժ նույն ներկայացումով՝ կամ-կամի, սև ու սպիտակի, ներկայի ու նախկինի կեղծ, պառակտող ու կործանարար օրակարգը թելադրելով: Ծաղրածուի այդ հնարքին ծափահարում են բոլորը: Ծափահարում է լուզերների իշխանություն կոչվածը, ծափահարում է խորհրդարանական ընդդիմությունը, լուռ համաձայնվում է ընդդիմությունը, ժողովրդավարության վահանով պաշտպանվող քաղհասարակությունը, եկեղեցին ու անգամ չորրորդ իշխանությունը: Բոլորս ենք լրահոսում ամեն օր կարդում ծաղրածուի ամեն ներկայացման ու շրջայցի մասին նյութեր: Իսկ հասարակությունը, որ վերջին երեք տարում կորցրել է զարմանալու բնազդը, նորից մտածում է կամ-կամի շուրջ:

Ինչպես դարեր առաջ Հռոմի ու Տիզբոնի, այնպես էլ հիմա է ընտրությունը հյուսիսի ու արևմուտքի միջև: Իսկ այ մեր ապագայի, մեր ազգային ու պետական շահի մասին հանրային օրակարգում ոչ մի դիսկուրս չկա: Ծաղրածուն ու նրա ձեռնասուն կենդանիները իրենց ներկայացումներով ոչ մի խոսք, ոչ մի միտք չեն արտաբերում մեր պետական ու ազգային շահի մասին: Հանրությանը նրանք չեն ծանրաբեռնում իրական խնդիրներով, ամեն օր մաշվող մեր պետականությունը կայունացնելու փոխարեն նրանք խոստանում են վերջ տալ թավիշին, խլել հարուստներից ու բաժանել նրանց ունեցվածքը կարիքավոր ժողովրդին: Ազգին դարձրել են ժողովուրդ, աննպատակ ժողովուրդ ու ժողովրդավարությունը ծախում են հենց ժողովրդի վրա խորամանկ հոգեվորս աղանդավորի պես:

Իսկ այս ընթացքում պետականությունը օր օրի մաշվում է, օր օրի քանդվում են նրա վերջին հիմքերը, ու մենք հավանական է նորից հայտնվենք հայրենազուրկ ազգերի շարքում, եթե օր առաջ հանրային քննարկման օրակարգ չբերենք ՊԵՏԱԿԱՆ ու ԱԶԳԱՅԻՆ շահի դիսկուրսը, դիսկուրս, առանց որի մեր ներկան դատարկ է, ապագան՝ ոչ մխիթարական»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում