Ինչպես Ռուսաստանն Էրդողանից վրեժ կլուծի «դավաճանության» համար. Le Figaro

Ինչպես Ռուսաստանն Էրդողանից վրեժ կլուծի «դավաճանության» համար. Le Figaro

2016 թվականի օգոստոսից ի վեր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հաջողվել է հարավային թևում հակաարևմտյան գործընկերություն ձևավորել նեոօսմանյան սուլթան Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ` այն ամրապնդելով թուրքական բանակին «երկիր-օդ» տեսակի С-400 գերժամանակակից հրթիռների մատակարարմամբ: Այս մասին գրում է ИноСМИ պարբերականը` ներկայացնելով ֆրանսիական Le Figaro-ում հրապարակված հոդվածը, որի հեղինակը վերլուծում է ռուս-թուրքական հարաբերությունների ներկա պատկերը:

«Ռուսաստանն ու Թուրքիան Լիբիան կիսել են ազդեցության երկու գոտու` Տրիպոլիտանիան Թուրքիայի համար և Կիրենաիկան` Ռուսաստանի: Իրանի հետ նրանք կազմավորել են Աստանայի առանցքը` սիրիական հարցը կարգավորելու համար: Հասկանալով, որ Թուրքիայի նախագահը հակաքրդական ազգայնական խաղ է վարում, Պուտինը թույլատրել է նրան իր բանակը տեղակայել Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական շրջաններում»,- ասվում է հոդվածում:

«Սակայն Էրդողանը հանկարծակիորեն դավաճանել է Պուտինին: 2021 թվականի ապրիլի 10-ին Թուրքիայի նախագահը Ստամբուլում իսկապես ջերմ ընդունելություն էր կազմակերպել Պուտինի ներկայիս ամենավատ թշնամու`Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի համար և համաձայնել է նրան նոր Bayraktar TB2 անօդաչուներ վաճառել: Թուրք-ուկրաինական գագաթնաժողովի առթիվ նեոօսմանյան սուլթանը դատապարտել է Ղրիմի «բռնակցումը» Ռուսաստանի կողմից: Էրդողանը մտաբերել է, որ նախքան Եկատերինա Մեծի կողմից թերակղզու գրավումը, այն երկու դար շարունակ եղել է Օսմանյան կայսրության նահանգներից մեկը: Ձգտելով ընդլայնել իր ազդեցությունը Սև ծովում` նա կնախընտրեր, որ Ղրիմը ղեկավարվեր թույլ Ուկրաինայի կողմից, ոչ թե հզոր Ռուսաստանի», – արձանագրում է հոդվածագիրը:

Ինչպես նա նկատում է, Էրդողանը շատ լավ է խաղում, քանի որ մեկ կրակոցով երկու նապաստակ է սպանում: Նա աշխարհին ցույց է տալիս իր անկախությունը և իր ռազմական արդյունաբերության ուժը, ինչպես նաև հաշտվում է ՆԱՏՕ-ի և մտերմանում ԱՄՆ-ի հետ: Թուրքիայի նախագահը հասկանում է, որ իր երկրի առանց այդ էլ խիստ թուլացած տնտեսությունը չի կարող դիմանալ ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցներին:

Ամերիկյան պատժամիջոցներն Էրդողանը թողնում է իր նախկին ընկեր Պուտինին: Պարբերականը հիշեցնում է, որ ապրիլի 15-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել, որով ամերիկյան ֆինանսական հաստատություններին հուլիսի 14-ից արգելվում է ռուսական պետական պարտատոմսեր ձեռք բերել անմիջականորեն Ռուսաստանում: Այս որոշումը Սպիտակ տունը կայացրել է վերջերս տեղի ունեցած կիբեռհարձակումների համար Ռուսաստանին պատժելու նպատակով: Միջազգային մակարդակով դա անհարմար դրություն է ստեղծում ռուսական ֆինանսների համար:

Հոդվածագիրը նկատում է, որ Էրդողանը ռազմական աջակցություն է տրամադրում Արևմուտքի սիրելի Ուկրաինային` դրանով իսկ «լավամարդ» երևալով ԱՄՆ նոր վարչակազմի աչքին: Հետևաբար Ռուսաստանին նա թողնում է չարագործի դերը, որը հետապնդում է Նավալնիին: Բացի այդ, ՌԴ-ն նոր հարվածների է ենթարկվում 2014 թվականին չեխական զինապահեստի պայթյունի վերաբերյալ նոր ապացույցների ի հայտ գալուն զուգահեռ:

Պարբերականը հարցադրում է անում, թե ինչպես Ռուսաստանը վրեժ կլուծի Էրդողանից «դավաճանության» համար: «Վիրավորանքը մաքրելու համար բավական չի լինի պարզապես դադարել զբոսաշրջիկներ ուղարկել Թուրքիա: Կվերականգնի՞ արդյոք ՌԴ-ն իր աջակցությունը նեոկոմունիստ-քրդերին «Քուրդիստանի բանվորական կուսակցությունից»: Կմիանա՞ արդյո ՞ք Իսրայել-Հունաստան-Կիպրոս ռազմավարական առանցքին, որը պայքարում է Թուրքիայի ծովային էքսպանսիայի դեմ»,- հարց է հղում հեղինակը:

«Պատմության մեջ և աշխարհագրության ասպարեզում խորապես ամրապնդված ռուս-թուրքական ռազմավարական դիմակայությունը վերսկսվել է: Եվ ավարտվել այն չի պատրաստվում»,- եզրափակում է հեղինակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում