Մեղրիի համայնքապետն այս պահի դրությամբ չի կալանավորվի. փոխոստիկանապետ

Մեղրիի համայնքապետն այս պահի դրությամբ չի կալանավորվի. փոխոստիկանապետ

Այնտեղ առկա են առերեւույթ հանցագործության կատարման դեպքեր, որի կապակցությամբ ոստիկանության եւ ոչ միայն ոստիկանության կողմից կատարվում են համապատասխան գործողություններ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:

Նա նշեց, որ կալանավորված անձինք չկան, ընթանում են համապատասխան միջոցառումներ. «Դատավարական կարգավիճակ անձինք ձեռք են բերում որոշակի գործողությունների արդյունքում: Այսինքն միանգամից բերման ենթարկելիս անձին չի շնորհվում դատավարական կարգավիճակ: Եթե մերժվի, որ այնտեղ խուլիգանություն առկա չէ, հետեւաբար տվյալ անձի նկատմամբ որեւէ գործողություն չի իրականացվի: Եթե ոստիկանության գործողություններում ապօրինի բան լինի, համապատասխան ծառայողական քննություն կիրականացվի եւ մարդիկ վստահեցնում եմ, որ կենթարկվեն համարժեք պատասխանատվության»,-ասաց նա:

Փոխոստիկանապետը նաեւ վստահեցրեց, որ Սյունիքից ավելի քան 100 մարդ բերման չի ենթարկվել. «Դա ակնհայտ ապատեղեկատվություն է: Շատ ավելի քիչ են, 2-3 հոգի, եթե չեմ սխալվում: Ընդամենը իրականացվում են համապատասխան օպերատիվ, հետախուզական, քննչական միջոցառումներ:

Ինչ վերաբերում է Մեղրիի քաղաքապետին, նա ասաց, որ առկա է առերևույթ հանցագործության կատարման դեպք, որի կապակցությամբ իրականացվում են միջոցառումներ. «Մեղրիի համայնքապետն այս պահի դրությամբ չի կալանավորվի, քանի որ որպես խափանման միջոց կալանքն ընտրվում է դատարանի կողմից»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում