Հասմիկ Կարապետյանը՝ որդու 1-ամյակի և դստեր մանկական խանդի մասին

Հասմիկ Կարապետյանը՝ որդու 1-ամյակի և դստեր մանկական խանդի մասին

Երգչուհի Հասմիկ Կարապետյանի որդին՝ Գրիգորը, երեկ դարձել է 1 տարեկան: Tert.am Life–ի հետ զրույցում Հասմիկն ասաց, որ մեծ խնջույք չեն կազմակերպել, օրը նշել են իր ծնողների տանը:

«Քանի որ համավարակ է, խուսափում ենք շատ շփումներից, հայրս էլ շատ էր ցանկանում, որ տղայիս 1-ամյակն իրենց տանը նշենք: Մեծ սիրով համաձայնեցինք, ամեն ինչ նախապատրաստեցինք և նշեցինք: Ե՛վ Գրիգորը, և՛ Տաթևը շատ են սիրում «Գնդիկ Բոքոնիկը» հեքիաթը, տոնական տորթը հենց այդ թեմայով էր: Գրիգորը շատ ուրախ էր, որովհետև տեսավ իր սիրելի հերոսին, Տաթևին ևս դուր եկավ: Տանը փուչիկներ, նոր խաղալիքներ կային, իրենք լավ օր անցկացրին՝ չնայած մենք տանջվեցինք, որովհետև երեխաները բավականին ակտիվ են»,- պատմեց նա:

Մինչև այս Հասմիկը Գրիգորի լուսանկարները չէր հրապարակում: Ըստ նրա՝ լինելով հանրային մարդ՝ մտածում էր՝ պարտադիր չէ, որ երեխան նույնպես հանրային դառնա, միգուցե հետագայում դա նրան դուր չգա:

«Հետո հասկացա, որ ոչ հաճախ, բայց տարեդարձերի օրերին կարելի է լուսանկարներ հրապարակել: Ինքս իրական կյանքն եմ սիրում, ոչ թե վիրտուալը, բայց հիմա օնլայն հարթակն ավելի ակտիվ է: Եթե դու ակտիվ չես, ինչ-որ բաներ հետ են մնում: Որոշ ժամանակ սոցցանցերում պասիվ էի. ճիշտ է, ավելի հանգիստ էի, բայց որպես հանրային մարդ հետ էի մնում: Այսօր, ցավոք, եկել եմ նրան, որ օնլայն հարթակը կարևոր է հատկապես հանրային մարդու համար: Միգուցե սա խառնվածքի հարց է, օրինակ, քույրս սոցցանցերում գրանցված չէ, համարում է, որ դա հիվանդություն է, փուչիկ, բայց ընդունում է, որ հանրային մարդու դեպքում նորմալ է»,- նշեց նա:

Հասմիկը որդուն իրեն է նմանեցնում: «Որդուս մեջ ինձ եմ տեսնում, երբ համեմատում եմ իմ արխիվային լուսանկարները, կարծես նույն երեխան լինի: Գրիգորը շատ առաջադեմ է, արդեն զգացվում է՝ խելացի է լինելու, լավ է սովորելու, աչքերը շատ խելացի են: Արդեն ուզում է ինքնուրույն ուտել, 10 ամսականից սկսել է հստակ բառեր ասել, ինչից զարմացած ենք: Կատարյալին հասնող լսողություն ունի, իմ երգած երգերը «տա-տա-տա»-ով վերարտադրում է: Շատ ակտիվ երեխա է, ի դեպ, Տաթևը ևս, երկուսն էլ բավականաչափ էներգիա ունեն, յուրահատուկ երեխաներ են: Չնայած յուրաքանչյուր ծնողի համար էլ իր երեխան առանձնահատուկ է՝ ես օբյեկտիվ եմ խոսում, ոչ թե որպես մայր: Իմ և Շանթի գեներից հետաքրքիր երեխաներ են ծնվում, նրանք նման չեն բոլորին՝ սկսած արտաքինից, վերջացրած տեսակով: Երկուսն էլ ուժեղ բնավորություն ունեն, լիդեր են»,- ընդգծեց նա:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Հետևեք մեզ նաև Telegram-ում