Կիևում հայտնել են՝ Զելենսկին չի ընդունի Պուտինի առաջարկը

Կիևում հայտնել են՝ Զելենսկին չի ընդունի Պուտինի առաջարկը

Ուկրաինայի փոխվարչապետ, Դոնբասի հարցով եռակողմ խմբում ուկրաինական պատվիրակության փոխղեկավար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի կարող ընդունել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի՝ Մոսկվայում բանակցություններ անցկացնելու հրավերը, փոխանցում է ria.ru-ն։

«Ուկրաինայի նախագահը պատերազմի ժամանակ չի կարող գնալ և հանդիպել մի մարդու հետ, որն ագրեսոր երկրի ներկայացուցիչն է։ Ինձ թվում է՝ դա մի քիչ տարօրինակ առաջարկ է»,- հայտարարել է Ռեզնիկովը։

Քաղաքական գործիչը հավելել է, որ իր կարծիքով՝ նման հանդիպումը պետք է տեղի ունենա նորմանդական ձևաչափով՝ Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարների հետ միասին:

Ավելի վաղ Պուտինը պատասխանել էր Զելենսկիի տեսաուղերձին, որում վերջինս առաջարկել էր Ռուսաստանի նախագահին «հանդիպել ուկրաինական Դոնբասի ցանկացած կետում, որտեղ պատերազմ է ընթանում»: Ռուսաստանի նախագահը նրան հրավիրել էր Մոսկվա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում