Ամերիկացի վերլուծաբանը՝ Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչման հնարավորության մասին

Ամերիկացի վերլուծաբանը՝ Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչման հնարավորության մասին

Tert.am-ը ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլի հետ զրուցել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հավանականության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դա կարող է լինել, քանի որ ամբողջ աշխարհում ճանաչման գործընթացն առաջ է ընթանում։

«Կարծում եմ, որ ամեն ինչ կապված է նախագահ Բայդենի՝ իր խոստումները կատարելու ցանկության հետ: Թուրքիայի հետ կապված խնդիրները կարող են հեշտացնել դա, բայց պատճառը դրանք չեն»,- ասում է նա։

-Պարո՛ն Գոբլ, համաշխարհային մեդիան գրում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Դուք դրա մասին ի՞նչ կարծիք ունեք․ կա՞ն նախապայմաններ դրա համար։

-Այո՛, կարծում եմ, որ դա կարող է լինել, քանի որ ամբողջ աշխարհում առաջընթաց է ապրում ճանաչման գործընթացը, որ այն, ինչ տեղի ունեցավ 1915-ին, պետք է դատապարտվի ավելի անկեղծ ձևով։

-Ի՞նչը կարող է լինել Բայդենի կողմից պատմական ճշմարտության ճանաչման պատճառը․ տրված խոստո՞ւմը՝ ԱՄՆ հայ համայնքին քարոզարշավի ընթացքում, թե՞ Թուրքիայի հետ քաղաքական խնդիրները:

-Կարծում եմ, որ ամեն ինչ կապված է նախագահ Բայդենի՝ իր խոստումները կատարելու ցանկության հետ: Թուրքիայի հետ կապված խնդիրները կարող են հեշտացնել դա, բայց պատճառը դրանք չեն:

-Եթե ճանաչման վերաբերյալ կանխատեսումներն իրականություն դառնան, ապա դա ի՞նչ նշանակություն կունենա Թուրքիայի համար:

-Անկարան կբարկանա, բայց այդ զայրույթը ճնշող չի լինի: Կարծում եմ, որ Թուրքիայի ղեկավարները գիտեն, որ իրենք գտնվում են այս հարցի պարտվողական կողմում:

-Ի՞նչ կտա ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանին:

-Հայերը կարող են գոհ լինել, բայց կա այս հարցի մի բացասական կողմ․ 1915-ի զանգվածային մահվան դեպքերը որպես ցեղասպանություն ճանաչելուն ձգտելը սփյուռքի ինքնության կենտրոնն է եղել այնքան ժամանակ, որ այս հաղթանակին հասնելով` Հայաստանից դուրս գտնվող շատ հայեր հավանաբար ավելի քիչ մոտիվացիա կունենան աշխատելու Հայաստանի համար, քան նախկինում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում