Լուկաշենկոն մանրամասներ է հայտնել իր դեմ կազմակերպվող մահափորձից

Լուկաշենկոն մանրամասներ է հայտնել իր դեմ կազմակերպվող մահափորձից

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շաբաթ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրեն վերացնելու համար մահափորձի կազմակերպիչները 10 մլն դոլար են հատկացրել:

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, Լուկաշենկոյի խոսքով՝ զինված անձինք պետք է հարձակվեին իր քաղաքից դուրս գտնվող նստավայրի վրա: Այդ նպատակի իրականացմանը 10 մլն դոլար է հատկացվել, դիպուկահարի ծառայությունների համար՝ 1 մլն դոլար:

«Մենք դա արդեն վաղուց տեսել ենք: Կարծում ե՞ք այդ գործողությունը Մոսկվայում հենց այնպես ենք իրականացրել: Մենք հետևել ենք նրանց, նրանք պետք է ժամանեին Մինսկ և իրականացնեին այդ գործընթացը»,- ասել է բելառուս ղեկավարը:

Վերջինիս հաղորդմամբ՝ դավադիրները մտադիր էին վերացնել իրեն մայիսի 9-ին կայանալիք շքերթի ժամանակ՝ պետական հեղաշրջման երեք տարբերակ դիտարկելով:

Լուկաշենկոն հայտարարել է, որ կազմակերպիչները ցանկանում էին արգելափակել Մինսկը՝ բանակի միջոցով և անջատել մայրաքաղաքի էլեկտրաէներգիան:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Լուկաշենկոն հայտնել էր, որ Մոսկվայում ձերբակալվել են իր և իր երեխաների դեմ հարձակում նախապատրաստող մարդիկ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում