ԵՄ-ն կարող է Հայաստանին ավելի մեծ աջակցություն տրամադրել. Լիտվայի արտգործնախարար

ԵՄ-ն կարող է Հայաստանին ավելի մեծ աջակցություն տրամադրել. Լիտվայի արտգործնախարար

ԵՄ-ն կարող է Հայաստանին ավելի մեծ աջակցություն տրամադրել, եթե պաշտոնական Երևանի կողմից լինի հստակ ձևակերպված ուղերձ, ԱԳՆ-ում Արա Այվազյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը։

«Մենք այստեղ ենք Հայաստանին օգնելու, աջակցելու համար։ Այսօր էլ պատրաստ ենք բավարարել Հայաստանի կարիքները։ Կցանկանայինք ԵՄ-ից ակնկալել աջակցության ավելի ընդարձակ մեխանիզմներ», – ասաց Լիտվայի արտաքին գործերի նախարարը։

Նա նշեց, թե իր կարծիքով կարելի է ճանապարհներ գտնել այդ աջակցությունն ընդլայնելու համար՝ թե՛ քաղաքականապես, թե՛ մարդասիրական տեսանկյունից, և թե՛ տնտեսապես։

«Կարծում եմ, որ կարելի է խորացնել համագործակցության այդ գործընթացը, ընդլայնել տրամադրվող աջակցությունը։ Դրա համար հավանաբար անհրաժեշտ է պաշտոնական Երևանի կողմից հստակ ներկայացված ուղերձ։ Այդ դեպքում եվրոպական մայրաքաղաքներում կգտնվեն ավելի շատ բարեկամներ, ովքեր պատրաստ կլինեն ձեզ աջակցել», – ասաց Գաբրիելյուս Լանդսբերգիսը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում