Պատերազմի հետևանքները պարզ էին դեռ հոկտեմբերի սկզբին. Արայիկ Հարությունյան

Պատերազմի հետևանքները պարզ էին դեռ հոկտեմբերի սկզբին. Արայիկ Հարությունյան

Մայիսի 12-ի զինադադարից հետո մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ճիշտ դասեր չի քաղել և ունենալով առավելություն բանակցային գործընթացում, ավելի նպաստավոր լուծումներ չի կարողացել ունենալ։ Այս մասին Արցախի քաղաքաշինության նախարարության աշխատանքային կոլեկտիվի և շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Վերջինս ներկայացրել է 44-օրյա պատերազմի ընթացքը։ Ըստ Արայիկ Հարությունյանի՝ պատերազմի հետևանքները պարզ էին դեռ հոկտեմբերի սկզբին, սակայն երկրի քաղաքական ուժերն ընդհանուր հայտարարի չեն եկել․

«Չի ձևավորվել քաղաքական միասնական կարծիք իշխանության և ընդդիմության միջև և, կարծես թե պատերազմը կանգնեցնելը այդ օրը համարում էին դավաճանություն»։

Արայիկ Հարությունյանը հիշեցրեց, որ հակառակորդի կողմից պատերազմին մասնակցում էր Թուրքիան․ «Թուրքիան դրա մասին առաջին իսկ օրը հայտարարել է, թուրքական շատ ղեկավարներ նշել են, որ միասին Ադրբեջանի հետ իրենց հաջողվել է լուծել իրենց «պատմական արդարությունը»։ Միայն 7000 ահաբեկիչ վարձկան Սիրիայից մասնակցում էր Արցախյան երկրորդ պատերազմին»։

Անդրադարձ կատարելով անցյալին՝ Հարությունյանը ընդգծեց․ «Մեր ամենամեծ սխալը եղել է այն, որ 1992 թ. հունիսի 13-ից, երբ հայաթափվել է Շահումյանը, հետո՝ Մարտակերտը, Հարդութի, Մարտունու որոշ գյուղեր, մենք տեր չենք կանգնել նրանց և ավելի քան 50 000 հայ բնակչություն թողել է Արցախը՝ ունենալով հնարավորություն տեղավորվելու։ Դա է պատճառներից մեկը, որ Արցախում բնակչությունը պետք է լիներ ոչ թե 145․000, այլ ավելի քան 200․000»։

Հարությունյանը նշեց, որ Արցախի Հնարապետությունը սերտ համագործակցություն է նախատեսում ՌԴ-ի հետ․

«Հայաստան աշխարհի ապագան տեսնում եմ նոր, ավելի խորը ռազմաքաղաքական հարաբերությունների շրջանակներում և ՌԴ-ի հետ միասին կկարողանանք դիմակայել ստեղծված իրավիճակին, քանի որ Թուրքիան չի պատրաստվում լքել տարածաշրջանը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում