Բայդենը չի փորձել մեղքը բարդել Թուրքիայի վրա՝ խոսելով Հայոց ցեղասպանության մասին. ԱՄՆ պետքարտուղար

Բայդենը չի փորձել մեղքը բարդել Թուրքիայի վրա՝ խոսելով Հայոց ցեղասպանության մասին. ԱՄՆ պետքարտուղար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի փորձել մեղքը բարդել Թուրքիայի վրա, երբ խոսել է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության մասին: Այս մասին չորեքշաբթի` ապրիլի 28-ին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը օտարերկրյա լրագրողների հետ առցանց հանդիպման ժամանակ:

«Ինչպես նշել է նախագահը, հիշատակի օրը նշելու ցանկությունը նպատակ ուներ հարգել զոհերի հիշատակը և ոչ թե մեղքը բարդել որևէ մեկի վրա: Եվ, իհարկե, մեր ուշադրության կենտրոնում էին գտնվում Օսմանյան կայսրության վերջին օրերի իրադարձությունները», -ասել է Բլինկենը:

Նրա խոսքով՝ Բայդենը շարադրել է իր վաղեմի տեսակետները, երբ նրա անունից Սպիտակ տունը հանգստյան օրերին գրավոր հայտարարություն էր տարածել, որում Ամերիկայի ներկայիս ղեկավարը ճանաչել էր Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի սկզբին Հայոց ցեղասպանությունը:

«Սակայն կարևոր է նշել նաև, որ նախագահն ապրիլի 23-ին լավ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: Գիտեմ, որ նրանք անհամբեր սպասում են հանդիպմանը: Կան շատ խնդիրներ և ոլորտներ, որտեղ մենք համատեղ աշխատում ենք: Թուրքիան Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակիցն է: Մենք հանդես ենք գալիս որպես գործընկերներ տարածաշրջանային և գլոբալ շատ հարցերի շուրջ ․..

Մենք կշարունակենք պահպանել ուժեղ երկկողմ հարաբերություններ Թուրքիայի հետ, որը ներառում է համագործակցության ավելի լայն ոլորտներ, ինչպես նաև արդյունավետ կառավարում այն ոլորտներում, որոնց շուրջ կան տարաձայնություններ: Եվ ,ինչպես շատ երկրների, մեր միջև ևս կան հակադրություններ»,- ասել է Բլինկենը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում