Պեսկովը հայտնել է Պուտինի և Զելենսկիի միջև բանակցությունների անցկացման պայմանները

Պեսկովը հայտնել է Պուտինի և Զելենսկիի միջև բանակցությունների անցկացման պայմանները

Մոսկվան Կիևից կոնկրետ առաջարկների է սպասում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի հնարավոր բանակցությունների վերաբերյալ, սակայն մինչ այժմ ոչինչ չկա:

Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ Զելենսկին, իտալական la Repubblica թերթին տված հարցազրույցում, ասել էր, որ Վատիկանը ռուսական կողմի հետ Դոնբասում իրավիճակի կարգավորման բանակցությունների համար կարող է «օպտիմալ վայր» դառնալ։

«Առայժմ, ցավոք, ես չեմ կարող որևէ հստակ տեղեկատվություն հայտնել այս հարցի վերաբերյալ: Պետք է, հավանաբար, աշխատանքային կամ պաշտոնական կարգով մեզ ինչ-որ բան փոխանցվի ու կոնկրետ առաջարկներ հնչեցվեն: Մինչ այժմ օրակարգում ոչինչ չկա: Փաստն այն է, որ թերևս նախագահ Զելենսկին կայացնում է անձնական որոշում, արագ ձևակերպում է դրանք, բայց, այնուամենայնիվ, մենք ունենք որոշակի ընթացակարգեր։ Եվ, իհարկե, այս գործընթացը շատ դժվար է անցնել մեկ գիշերում», – ասել է Պեսկովը։

Բացի այդ, ռուս պաշտոնյան հավելել է՝ ընդունված է, որ կողմերը նախապես փոխանակեն որոշ գաղափարներ, ապա պաշտոնական դիրքորոշումները ձևակերպելուց հետո հանդիպեն։

«Այս առումով, այնուամենայնիվ, մենք սպասում ենք որոշակի կոնկրետ առաջարկների ստացմանը»,- ընդգծել է Պեսկովը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Զելենսկին ասել էր, որ «ամեն ինչ հանգեցնում է նրան, որ Պուտինի հետ իր հանդիպումը տեղի կունենա, իսկ ժամն ու տեղն արդեն մանրամասներ են»։ Բացի այդ, ուկրաինացի առաջնորդը տեղեկացրել էր՝ իր գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակին հանձնարարել է կազմակերպել հանդիպումը:

Իր հերթին, ինչպես ասել է Պեսկովը, Ռուսաստանի Դաշնության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը մշտական կապի մեջ է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի հետ:

Պեսկովը մեկ անգամ ևս նշել է, որ կապը Երմակի և Կոզակի միջև է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում