Ովքե՞ր կլինեն «Հայրենիքի» և ՀՀԿ–ի միասնական ցուցակում. կարևորվում է 2 սկզբունք

Ովքե՞ր կլինեն «Հայրենիքի» և ՀՀԿ–ի միասնական ցուցակում. կարևորվում է 2 սկզբունք

«Հայրենիք» կուսակցության խորհուրդը որոշել է մասնակցել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին և սկսել ՀՀԿ–ի հետ դաշինք կազմելու գործընթացը։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը։

«Այս պահին հստակ է որոշումը միայն դաշինքով գնալու։ Ցուցակի, դաշինքի անվան, ծրագրային դրույթների մասին դեռ որևէ բան հայտնել չեմ կարող, քանի որ աշխատանքներ են իրականացվում այդ ուղղությամբ։ Սակայն մարդիկ, որոնց համերաշխությունն օրենքի հետ կարող է կասկածի տակ դրվել, ցուցակում չեն կարող լինել»,– ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով` ցուցակում լինելու են երկու սկզբունքի հիման վրա հենված մարդիկ` հանրության շրջանում վստահություն վայելողներն ու ՀՀ-ին իրենց կարողությունների շրջանակներում օգտակար լինողները։

Հարցին, թե Արթուր Վանեցյանը լինելո՞ւ է ցուցակում` Հակոբյանը պատասխանեց, որ Վանեցյանը շատ առանցքային դեր է ունենալու արտահերթ ընտրություններում և ամբողջ քաղաքական գործընթացում։ Հակոբյանը հավելեց` նույնը կարող է ասել նաև ՀՀԿ–ի ղեկավարի մասին։

Իսկ թե ով կլինի ցուցակի առաջին համարում, դեռ քննարկում են այդ հարցը։

«Մրցակցությունն ընդդիմության ուժերի մեջ չի լինելու, այլ բոլորի ցանկությունը մեկն է` գործող իշխանությունից ազատվելը։ Մենք քաղաքական կոնսուլտացիաներ ունեցել ենք այլ կուսակցությունների և ուժերի հետ»,– ասաց Հակոբյանը։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում