Ադրբեջանական վերահսկողության տակ են անցել շուրջ 130 միավոր եկեղեցական համալիրներ. Շավարշ սարկավագ Այվազյան

Ադրբեջանական վերահսկողության տակ են անցել շուրջ 130 միավոր եկեղեցական համալիրներ. Շավարշ սարկավագ Այվազյան

«Ադրբեջանական վերահսկողության տակ են անցել շուրջ 130 միավոր եկեղեցական համալիրներ»,- Երևանում՝ Շառլ Ազնավուրի հրապարակում, «Արցախի կորսված կոթողները» ցուցահանդեսի բացմանը լրագրողների հետ զրույցում ասաց Շավարշ սարկավագ Այվազյանը:

Նա նշեց, որ բոլոր են տեսնում Ադրբեջանի վերաբերմունքը հուշարձանների նկատմամբ, ինչպես են ոչնչացնում, այդ պատճառով նրանց կողմից հուշարձանների վերացման վտանգ միշտ տեսնում են։

«Մայր Աթոռը ամեն ջանք ներդնում է բոլոր հարթակներում, բոլոր կառույցներում ներկայացնելու այս հարցը, որպեսզի էլ ավելի մեծ ուշադրություն դարձվի հուշարձաններին»,- ասաց նա։

Շավարշ սարկավագ Այվազյանը նշեց, որ Ամարասում և Դադիվանքում հայ հոգևարականներն իրականացնում են ծառայություն ռուս խաղաղապահների հսկողությամբ, Դադիվանքում ծառայություն են մատուցում երկու հայր սուրբ, երկու կուսակրոն, երկու սարկավագ, մշտապես այնտեղ են գտնվում, ամենօրյա ժամերգություններ են կատարում։ Ամարասի վանքում մեկ հայր սուրբ շարունակում է իր ծառայությունը։

Նա նշեց, որ ուխտավորները կարողանում են յուրաքանչյուրր շաբաթ գնալ Դադիվանք, մասնակցել պատարագներին, ժամերգություններին։

«Դեռևս քայլեր են ձեռնարվում, որպեսզի Ամարասի վանքում նույնպես կազմակերվի այն, ինչ Դադիվանքում՝ հոգևորականներն անցնեն մշտական ծառայության, ուխտավորներ գնան, սակայն հանգամանքների բերումով մեծ վտանգ կա։

Մեր աղոթքն ու ցանկությունն է, որպեսզի բոլոր վանքերում էլ կարողանանք մեր ծառայությունը շարունակենք։ Վստահ եմ՝ ամեն ջանք ներդրվելու է, որպեսզի իրականության դառնա։

Աստծո կամոք, ինչու ոչ, հետ վերադարձնենք այդ տարածքները և շարունակենք մեր ժողովրդի քարոզչությունը, մեր հոգևոր ծառայությունն այդ վանքերում»,– ասաց Շավարշ սարկավագ Այվազյանը։

Նա նշեց, որ միշտ զգացվում է լարվածություն, սակայն ջանքեր են ներդնում, որպեսզի հոգևորականներն իրենց ծառայությունն իրականացնեն անխաթար։

«Իհարկե, որոշ խնդիրներ առաջանում են՝ հաշվի առնելով նրանց վարքագիծը։ Վերջերս քահանայական ձեռնադրություն պետք է տեղի ունենար Դադիվանքում, ադրբեջանցները, Քովիդի 19-ի վտանգն առաջ բերելով, թույլ չտվեցին, որպեսզի տեղի ունենա այդ ձեռնադրությունը»,- ասաց Շավարշ սարկավագ Այվազյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում