Զարիֆը ներողություն է խնդրել իր խոսքերի համար

Զարիֆը ներողություն է խնդրել իր խոսքերի համար

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ներողություն է խնդրել «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հատուկ ստորաբաժանման նախկին հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մասին իր խոսքերի համար: Այս մասին հայտնում է «Մեհր» գործակալությունը:

Խոսքն իրանցի տնտեսագետ Սաիդ Լիլյազին տված հարցազրույցի մասին է, որից հատվածների ձայնագրություններ էին հայտնվել լրատվամիջոցներում: Մասնավոր զրույցի ժամանակ Զարիֆը քննադատել էր գեներալ Սոլեյմանիին Թեհրանի արտաքին քաղաքականության հարցում ակտիվ դերակատարում ունենալու, ինչպես նաև Մոսկվայի հետ բանակցություններ վարելու համար:

«Ցանկանում եմ ընդգծել, որ իմ խոսքերը ոչ մի կերպ չեն նվազեցնում գեներալ Սոլեյմանիի մեծությունը և նրա անփոխարինելի դերն Իրանի անվտանգության վերականգնման հարցում: Հուսով եմ, որ Իրանի ժողովուրդը և հատկապես Սոլեյմանիի մտերիմները կներեն ինձ»,– ասվում է ԱԳ նախարարի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ գեներալ Սոլեյմանին սպանվել է 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի ուղղությամբ ԱՄՆ օդուժի իրականացրած ավիահարվածի հետևանքով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում