Չեմ կարող խոսել, թշնամին շատ մոտ է ինձ, լավ մնացե՛ք

Չեմ կարող խոսել, թշնամին շատ մոտ է ինձ, լավ մնացե՛ք

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի մասնակիցը եղավ նաև Մխիթար Վլադիկի Ասրյանը, որը զոհվեց հանուն հայրենիքի: Մխիթարը ծնվել է 1983 թվականի դեկտեմբերի 1-ին Արցախում։ Նա ծառայում էր ԱՀ հատուկ պատրաստության ստորաբաժանումում, որպես հետախույզ եւ սակրավոր։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Մխիթար Ասրյանի զարմուհին՝ Լուիզա Գևորգյանը:

«Ես 18 տարի շարունակ հպարտացել եմ, որ ունեմ իր նման քեռի, բայց երանի՜ էլի ունենայի կողքիս, ոչ թե երկնքում ու հպարտությունս այսքան ցավոտ չլիներ։ Մխիթարը սիրում էր զինվորական համազգեստը ու պատվով էր կրում։ Ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո, 8 տարի շարունակ կրել է ռազմական ոստիկանի համազգեստը»,- խորը ցավով պատմում է Մխիթարի քրոջ աղջիկը:

Մխիթարը Լուիզայի հիշողություններում մնացել է հպարտ քայլվածքով, խրոխտ կեցվածքով, խոսուն աչքերով, ապրեցնող ժպիտով. «Քեռիս կյանքով լի էր, անսահման բարի, նվիրված իր ընտանիքին, ընկերներին, հայրենիքին: Իր ապրած կյանքը արժանապատիվ էր ու հպարտ։ Վայելում էր բոլորի սերն ու հարգանքը։ Արժանի զավակ էր, հոգատար եղբայր, լավ ամուսին ու երեխաների հայր։ Տան ավագ որդին էր Մխիթարը, տան հպարտությունն ու սրբությունը։ Նրա ներկայությունն ամենուր է, մենք զգում ենք նրան տան ամեն մի անկյունում…Մխիթարը կատարյալ է, իր բնավորությամբ ու եզակի տեսակով: Մենք սպասում ենք Մխիթարին՝այսօր, վաղը, միշտ. կարոտը շատ է, անսահման շատ…»,- սրտի կսկիծով պատմեց Լուիզան՝ նշելով՝ Մխիթարի մասին դժվարանում է խոսել անցյալով:

Մխիթարը պատերազմի հենց առաջին օրերից եղել է ամենաթեժ կետերում, նույնիսկ, մի քանի անգամ եղել է շրջափակման մեջ և դուրս եկել. «Քեռիս պատերազմի առաջին իսկ օրերից կյանքի ու մահվան դեմ կռիվ է մղել։ Մի քանի անգամ շրջափակման մեջ են հայտնվել, սակայն հաջողվել է դուրս գալ։ Նա պատերազմել է ռազմաճակատի ամենաթեժ կետերում, կերտել հերոսական դրվագներ։ Փրկել է մարտական ընկերների ու տասնյակ զինծառայողների կյանքեր»,– հպարտությամբ պատմում է Լուիզան։

Անգամ թեժ կռվի ժամանակ Մխիթարը չի մոռանում քրոջ ծննդյան օրը, պատերազմը չէր կարող խոչընդոտ հանդիսանալ քրոջ ծնունդը շնորհավորելու համար. «Քեռիս նոյեմբերի 6-ին Շուշիում, վաղ առավոտյան զանգում է քրոջն ու ասում՝ Լուսի՛ն, շնորհավոր ծնունդդ, քեզ ամենալավ պիներնում ցանկանում, խրեգ ա մնացալ, լոխ լավա ինան»,- պատմում է նա՝ հավելելով, որ հենց այդ օրը երեկոյան, վիրավորում է ստանում՝ մեջքի շրջանում։

Մխիթարը սպասում էր օգնության, բայց այդպես էլ այն չհասավ նրան։ Օգնության սպասելով՝ նա վերջին անգամ հասցնում է խոսել կնոջ և հայրիկի հետ. «Զանգեց կնոջը, ապա հորը ու ասաց՝ չեմ կարող խոսել, թշնամին շատ մոտ է ինձ, լավ մնացեք: 3 օր կյանքի ու մահվան դեմ կռիվ տալով՝ քեռիս նոյմբերի 9-ին անմահանում է թշնամու արձակած երկրորդ անողոք գնդակից»,- սրտի խորը ցավով նշում է Լուիզան։

Նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ հերոսի հուղարկավորումը՝ Ստեփանակերտի եղբայրական գերեզմանատանը։ ԱՀ նախագահի հրամանագրով՝ հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության, մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, նախաձեռնող, համարձակ գործողությունների, ջոկատի մարտական պատրաստվածության ապահովման և անմնացորդ նվիրումի համար հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ 2» և «Մարտական ծառայություն» պետական մեդալներով։

Սակայն, ինչպես նշում է Լուիզան, հերոսի կոչումն ու հպարտության զգացումը ոչ մի կերպ չի սփոփում իրենց վիշտը. «Այս պատերազմը մեզանից խլեց լավագույններին։ Մխիթարն ու հազարավոր տղաներ իրենց սրտում հույս ունեին, հավատում էին, որ իրենց կյանքի գնով անգամ պահելու են հայրենիքը, լուծելու են բոլոր զոհերի վրեժն ու մի թիզ հող անգամ չեն զիջելու թշնամուն…Զոհեցին ամենաթանկը՝ կյանքը, բայց չկա այն հողը, որի վրա այդքան կյանք հավերժացավ…Հայրենի հողը հավերժ իր գիրկն առավ հազարավոր կյանքով լի կյանքեր»,- հուզմունքն աչքերին ասաց Մխիթարի զարմուհին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում