Թուրքիայի պաշտպանության նախարարը հերթական անգամ անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը

Թուրքիայի պաշտպանության նախարարը հերթական անգամ անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն Էսքիշեհիրի մարտավարական օդուժի հրամանատարություն կատարած ստուգայցի ընթացքում անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային: Այս մասին գրում է ermenihaber-ը։

Աքարը, կրկնելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության մասին առաջ քաշվող թեզերը և նույնաբովանդակ հայտարարությունները, նորից հնչեցրել է ժխտողական պնդումներ պարունակող մտքեր։

«Ցեղասպանություն հաստատ չի եղել: Պատմության մեջ դա պարզ ու հստակ գրված է: Պատմության բոլոր տեղեկությունները, փաստաթղթերը, վկաները և դիտարկումները շատ պարզ և հստակ ցույց են տալիս, որ 1915-ին նման բան տեղի չի ունեցել»:

Այնուհետև անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ նա պնդել է, որ քաղաքական գործիչները չեն կարող պատմագիտությամբ զբաղվել. «Ամերիկացիների այս հայտարարությունը նշանակում է ժխտել սեփական պատմությունը, համաձայնագրերը, պայմանագրերը և ստորագրությունները: Ամերիկացիներն ունեն հայտնի ազգային արխիվ՝ NARA (ԱՄՆ ազգային արխիվ) անվամբ, դրանում թեմայի վերաբերյալ բազմաթիվ զեկույցներ կան: 1914-1915թթ. և 1920թ. այդ զեկույցներում ամերիկացիները ու անգլիացիները շատ պարզ ու հստակ ասում են՝ «Թուրքերը և հայերը 500 տարի միասին են ապրում, եթե մենք չխառնվենք և այդ կարգը չխախտենք, նրանք ևս 500 տարի միասին կապրեն»»:

Թուրքիայի պաշտպանության նախարարի համոզմամբ՝ նրանք, ովքեր կարծում են, թե «դեպքերը խեղաթյուրելով կփոխեն պատմությունը, սխալվում են»: Աքարն այդ մտածելակերպը «անխոհեմություն և «տգիտություն» է անվանել։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում