Լևոն Տեր-Պետրոսյանը համագումարը հետաձգում է. «Հրապարակ»

Լևոն Տեր-Պետրոսյանը համագումարը հետաձգում է. «Հրապարակ»

«ՀԱԿ-ը երեկ որոշել է կրկին հետաձգել համագումարը․ ի սկզբանե մայիսի 1-ին էր նախատեսված, ապա հետաձգվեց՝ 7-ին, իսկ երեկ նեղ կազմով քննարկումից հետո կանգ են առել մայիսի 15-ի վրա։ Թե ինչու են պարբերաբար հետաձգում, չեն մեկնաբանում, ՀԱԿ շարքերը դա բացատրում են 1-ին նախագահի առողջական վիճակով, իբրև թե սպասում են, որ կորոնավիրուսից լրիվ կազդուրվի։ Սակայն Տեր-Պետրոսյանի երեկվա հայտարարությունը լույս սփռեց իրավիճակի վրա։

Մարտի 25-ին տեղի ունեցած ՀՀ և Արցախի նախկին նախագահների հետ հանդիպմանը Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին առաջարկել էր մոռանալ նախկին տարաձայնությունները և, «գիտակցելով պատասխանատվությունը երկրի ճակատագրի հանդեպ», անձնապես չհավակնել իշխանության ու առաջիկա ընտրություններին մասնակցել «Ազգային համաձայնության դաշինքով»։ Ռ․ Քոչարյանը մերժել էր առաջարկը, Սերժ Սարգսյանը՝ լռել։ Եվ հիմա նա կրկնում է այն՝ հրապարակավ, հույս ունենալով, որ կհաջողվի միավորվել։ ՀԱԿ շրջանակներից տեղեկացանք, որ իրենք թերահավատ են, թե միայնակ կհաղթահարեն անցողիկ շեմը, հատկապես որ ֆինանսական դժվարություններ ունեն։ Եվ Տեր-Պետրոսյանը համագումարը հետաձգում է, քանի որ երկմտում է՝ մասնակցե՞լ ընտրություններին, թե՞ ոչ։

Համագումարը կկայանա Մելիք Ադամյանի դահլիճում: Չնայած նախապես ավելի ընդարձակ դահլիճում էին ուզում, ասենք՝ մարզահամերգայինում, բայց անգամ վարձակալության համար պահանջվող գումարի խնդիր կա։ Մարդկային ռեսուրսի խնդիր էլ կա․ շատերին Փաշինյանը գրավել տարել է։ Բայց ՀԱԿ-ը բանակցում է մտավորականների, արվեստի, գիտաշխարհի ներկայացուցիչների հետ: Ընտրացուցակների ներկայացման վերջնաժամկետը մայիսի 26-ն է»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում