Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը տոնում է Մեծ Հայրենական Հաղթանակի 76-ամյակը

Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը տոնում է Մեծ Հայրենական Հաղթանակի 76-ամյակը

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը մայիսի 7-11-ը նշում է Մեծ Հայրենական Հաղթանակի 76-ամյակը։

Տոնական միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ ինտելեկտուալ վիկտորինա՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմին։ Ինտելեկտուալ պայքարում միմյանց դեմ մրցում էին հայաստանյան բուհերի ուսանողները և ավագ դպրոցի աշակերտները։ Ձևավորվել էր 9 թիմ, վիկտորինայի թեմատիկան Հայաստանի մասնակցությունն էր Հայրենական մեծ պատերազմին և ճակատագրական մարտերը։ Մրցանակային 3-րդ տեղը գրավեց ԵՊՀ-ի, 2-րդ՝ Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուստաստանի տնտեսագիտական համալսարանի թիմը և առաջին տեղը՝ Վ․Բրյուսովի անվան պետական համալսարանի թիմը։ Ամենագիտակ մասնակից ճանաչվեց հայ-ռուսական սլավոնական համալսարանից Դավիթ Սարգսյանը։ Ժյուրիի հատուկ մրցանակին արժանացավ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության կից հանրակրթական դպրոցի թիմը:

«Մենք կարևորում ենք Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների մեծ գործը, հիշում և հպարտանում ենք հերոսներով, որոնք կերտել են Մեծ Հաղթանակը։ Հայաստանի և Ռուսաստանի հերոսական պատմության մեջ հավերժացվել է վետերանների սխրագործությունը: Նման վիկտորինան երիտասարդների շրջանում բարձրացնում են իրազեկվածությունը և հարգանքի նշան է բոլոր նրանց, ովքեր կյանք չեն խնայել մեծ հաղթանակի համար։ Հարգում ենք բոլոր զոհերի հիշատակը և հպարտանում վետերաններով, որոնք մեր կողքին են»,– նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։

Արդեն ամենամյա դարձած վիկտորինան անց է կացվում ՀՀ Վետերանների կոմիտեի, ՀՀ–ում «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» գիտակների ասոցացիայի հետ:

Ինտելեկտուալ խաղին զուգահեռ տեղի ունեցավ Հայրենական Մեծ պատերազմին նվիրված «Արխիվային փաստաթղթերի և պլակատների» ցուցահանդեսի բացումը։ Առաջին անգամ Հայաստանում ցուցադրվեցին բացառիկ լուսանկարներ, արխիվային նյութեր, պոստերներ Հայրենական Մեծ պատերազմի տարիներից։ Ցուցահանդեսը կազմակերպվել է Ռոսարխիվի, Հայաստանի ազգային արխիվի և Ա. Խաչատրյան տուն-թանգարանի հետ:

Հայրենական Մեծ հաղթանակին նվիրված միջոցառումները շարունակվելու են մայիսի 8-ին և 9-ին։ Երևանի կենտրոնում և Հաղթանակի զբոսայգում քաղաքացիներին կբաժանվեն Գեորգիևյան ժապավեններ։

Հաղթանակի 76-ամյակին նվիրված միջոցառումները կեզրափակվեն մայիսի 11-ին 19։00-ին Կոմիտասի անվ․ կամերային երաժշտության տանը «Պատերազմի օրերի մեղեդիները» խորագիրը կրող դասական երաժշտության համերգով, որը իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Համերգին հնչելու են կոմպոզիտորներ Դմիտրի Շոստակովիչի և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները, որոնք ստեղծվել են Հայրենական պատերազմի տարիներին։ Համերգին զուգահեռ դահլիճի ճեմասրահում կցուցադրվի նաև թեմատիկ ֆոտոցուցահանդես։

Հետևեք մեզ նաև Telegram-ում