Ցավալիորեն, այսօր Շուշին մեզ հետ չէ. Փաշինյանի ուղերձը

Ցավալիորեն, այսօր Շուշին մեզ հետ չէ. Փաշինյանի ուղերձը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հաղթանակի օրվա, Շուշիի ազատագրման և Արցախի Պաշտպանության բանակի ստեղծման օրվա կապակցությամբ.

«Հայրենական Մեծ պատերազմի տարիներին կոփվել և աննախադեպ բարձունքների է հասել մեր զինվորականությունը՝ ռազմարվեստի գործում ձեռք բերելով բարձր պրոֆեսիոնալիզմ։ Պատերազմի և դրան հաջորդած տարիներին հազարավոր հայորդիներ դարձել են Խորհրդային բանակի սպա, իսկ շատերը հասել են ռազմական ծառայության ամենաբարձր գագաթների։ Մենք հպարտանում ենք նրանցով և միշտ կենդանի կպահենք նրանց հիշատակը։

Այդ զինվորականության կորիզն էր, որ հետագայում կազմեց Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի և Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակի ողնաշարը։ Այդ զինվորականությունն էր, որ կամավորների՝ մերօրյա հայդուկների հերոսական ոգու հետ միաձուլվելով ազատագրեցին Շուշին։ Այդ զինվորականությունն էր, որ հայ ժողովրդի աննկուն կամքի և վճռականության հետ միասին, վճռեցին Արցախի ազատության համար մղվող պայքարի ելքը։ Ցավալիորեն, այսօր Շուշին մեզ հետ չէ։ Մենք սգում ենք նրա գերությունը, բայցև գիտակցում, որ անկախ ճակատագրի վայրիվերումներից ու ներկա իրողություններից, մենք պարտավոր ենք նշել նրա ազատագրման օրը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում