Նիկոլի իմացությամբ հենց հիմա ուղղակիորեն տարածք է հանձնվում Սյունիքում. Նարեկ Սամսոնյան

Նիկոլի իմացությամբ հենց հիմա ուղղակիորեն տարածք է հանձնվում Սյունիքում. Նարեկ Սամսոնյան

Սյունիքի դեպքերը հերթական անգամ վկայում են Հայաստանում տիրող անիշխանության մասին, երբ բանակցում են ռուս խաղաղապահները, և մենք բառիս բուն իմաստով անտեր պետություն ենք: Ինչպես տեղեկացնում է Tert.am-ը, այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի ղեկավար Նարեկ Սամսոնյանը անդրադառնալով՝ Սյունիքում տիրող իրավիճակին:

«Մենք մի պետություն ենք, որը չունի իշխանություն կամ ունի իշխանություն, որն ուղղակիորեն ղեկավարվում է ՀՀ թշնամիների կողմից: Մենք ապրում ենք մի երկրում, որը խենթանոցի է նման: Նիկոլի իմացությամբ հենց հիմա ուղղակիորեն տարածք է հանձնվում Սյունիքում և այսքանից հետո արձագանքները քանի՞սն են, ովքե՞ր են արձագանքել այս հարցին»,- ասաց Նարեկ Սամսոնյանը:

Ասուլիսի ընթացքում նա նաև նշեց՝ այս պահի դրությամբ չի կարող ասել՝ ինչ գործողություններ է անում Ադրբեջանը և ինչ մոտիվացիա ունի նա: «Ադրբեջանի իշխանությունները կարիք չունեն մտածելու, որ Հայաստանը չի դիմի ՀԱՊԿ-ին, իրենք կարող են պարզապես ասել, որ Նիկոլը չդիմի և նա չի դիմելու»,- նշեց նա:

Նարեկ Սամսոնյանը նաև անդրադարձավ հունիսի 20-ին սպասվող ԱԺ արտահերթ ընտրություններին և նշեց, որ հնարավոր է՝ Փաշինյանը այս կերպ փորձի չեղարկել ընտրությունները:

«Արտահերթ ընտրություններ, գուցե, չլինեն, նա ռազմական դրություն հայտարարի և նման կերպ այդ հարցը փակի, չեմ բացառում նաև, որ ընտրություններ լինեն, բայց առանց Սևանի, առանց Սյունիքի մարզի, քանի որ այս երկրում ամեն ինչ հնարավոր է»,- ընդգծեց քաղաքական գործիչը:

Նարեկ Սամսոնյանը նաև անդրադարձավ #antinikol շարժմանը և նշեց՝ շարժումը պոտենցիալ ունի դառնալու երիտասարդության և՛ մաս, և՛ հիմնական թիրախը հասարակության պասիվ զանգվածն է:

«Մենք հարցումների միջոցով պարզել ենք, որ կա հատված, որը ոչ մեկին կողմնակից չէ և չի պատրաստվում գնալ ընտրության։ Սա շատ վատ է, և երկիրը պասիվ հանձնողների շերտն է, իսկ երբ այս շարժումը տալիս ես հանրությանը, այն դառնում է ամեն մեկի համար գիտակցական մակարդակ, դու դրանով նվազեցնում ես դավաճանի հավանական ընտրությունը և պասիվ հանձնողների թիվը կրճատում ես»,- ասաց Նարեկ Սամսոնյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում