Միլիարդներ են ծախսվել այդ բանակի վրա և այդ բանակը դատապարտված է անգործության․ Վազգեն Մանուկյան

Միլիարդներ են ծախսվել այդ բանակի վրա և այդ բանակը դատապարտված է անգործության․ Վազգեն Մանուկյան

Զարմանալի է, որ մեր բանակը միանգամից պատասխան չի տալիս։ Այս մասին «Հայրենիքի փրկության շարժման» խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։ Այս մասին հայտնում է Panorama.am-ը:

«Ցանկացած երկրի սահմաններ, երբ խախտվում են՝ զինվորականները կրակելով ու պաշտպանելով են պահում։ Այն, որ իշխանությունը տկար է, դավաճան է, շատ է ասվել, բայց ես զարմանում եմ զինվորականների վրա։ Իրենց համար ավելի կարևոր է դառնում կարգադրություն կատարել կամ չկատարելը, քան իրենց առաջին պարտականությունը՝ հայրենիքի պաշտպանությունը»,- ասաց Մանուկյանն ու շարունակեց․

«Ունենք պետություն, բանակ, որը լավ զինված է, միլիարդներ են ծախսվել այդ բանակի վրա և այդ բանակը դատապարտված է անգործության»։

Մանուկյանն ասաց, որ խորհրդի նիստի ընթացքում եղել են բազմաթիվ առաջարկություններ՝ կազմակերպչական, քաղաքական գործունեության և այլնի մասին։ Ըստ նրա՝ մի բան է հստակ․

«Ընտրություններ կան, թե՝ չկան. ամեն օրը այս իշխանության՝ երբ այս պետության գլխին է մնալու՝ վտանգավոր է Հայաստանի համար։ Այս իշխանությունն անպայման պետք է փոխել»։

Անդրադառնալով Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին դիմելուն՝ Վազգեն Մանուկյանն ասաց․ «Եթե դու ինքդ քո երկիրը չես պաշտպանում, քեզ ոչ մեկը չի պաշտպանի։ Դու պիտի պաշտպանես երկիրդ, որպեսզի նոր իրավիճակ ստեղծվի և գան քեզ օգնելու։ 200 հոգի գալիս են, դու նահանջում ես ու հպարտանում, որ զոհ չես տվել, զոհ չես տվել, մինչև Երևան նահանջի թող գան ադրբեջանցիները։ Ես գտնում եմ, որ պետք էր դիմել միջազգային կազմակերպություններին»:

Մանուկյանը նաև նշեց, որ մեր հույսը պետք է կապենք մեր հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում