Ինչպես է հնարավոր եղել, որ մենք կահավորված առաջնագիծ չենք ունեցել հատկապես նման կարևոր հատվածներում. Աննա Գրիգորյան

Ինչպես է հնարավոր եղել, որ մենք կահավորված առաջնագիծ չենք ունեցել հատկապես նման կարևոր հատվածներում. Աննա Գրիգորյան

Ես կարծում եմ, որ իսկապես մենք գտնվում ենք ճգնաժամային իրավիճակում․ այս մասին այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին ասաց անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով ստեղծված իրավիճակին:

«Իհարկե կոչեր հնչում են, որ այժմ մեղավորներ գտնելու ժամանակը չէ, բայց եկեք հասկանանք՝ մենք առհասարակ ինչ ենք արել»,- ինչպես փոխանցում է Tert.am-ը, ասաց նա և նշեց, որ ԱԽ քարտուղարը նշել է, որ նման իրավիճակ եղել է, քանի որ առաջնագիծը կահավորված չի եղել:

«Իսկ կարելի՞ է հասկանալ, թե այս վեց ամսիների ընթացում ինչպե՞ս է հնարավոր եղել, որ մենք կահավորված առաջնագիծ չենք ունեցել հատկապես նման կարևոր հատվածներում: Մենք հասկանում ենք որ Իշխանասարը սովորական մի բլուր չէր, ինչպես ոմանք ենք փորձում նշել, այն ստրատեգիական կարևորության կետ էր և մենք պարտավոր էինք անվտանգությունն այդ հատվածում ապահովել: Ես իրականում չեմ հասկանում, երբ մեր տարածքային ամբողջականության նկատմամբ զինված ոտնձգություն է տեղի ունենում, մենք ի՞նչ ենք բանակցում այդ մարդկանց հետ»,- ասաց նա և հարցրեց՝ նրանց կողմից որևէ նախապայման դրվե՞լ է, թե՞ ոչ:

«Պարո՛ն Քոչարյան, խոսում եք, որ չպետք է մեդիատեռորի ենթարկել ժողովրդին, և ես համաձայն եմ, և այս ամբիոնից դուք խոսում եք Սյունիքի համայնքապետների վերաբերյալ: Դուք գիտե՞ք Սյունիքի համայնքապետները առհասարակ ինչով են զբաղված եղել՝ ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ հետո, գոնե դա հաշվի առնելով ՝ես կխնդրեի փոքր-ինչ ավելի համեստ ձևակերպումներով հանդես գաք: Ինձ համար ակնհայտ է, որ նման իրավիճակները շարունակական են լինելու, քանի դեռ այս իշխանությունն է մեր ղեկավարությունը»,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում