Անվտանգային հարցերում միայն արտաքին ուժերի հետ հույսեր կապելու գինը. «Փաստ»

Անվտանգային հարցերում միայն արտաքին ուժերի հետ հույսեր կապելու գինը. «Փաստ»

«Մինչ մեր ներքաղաքական դաշտը ողջ ներուժով պատրաստվում է արտահերթ ընտրությունների անցկացմանը, արտաքին անվտանգային մարտահրավերները առավել մեծ թափով են գլուխ բարձրացնում։ Խոսքը մասնավորապես վերաբերում է Ադրբեջանի ագրեսիվ գործելակերպին և Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձգություններին։ Ադրբեջանական պլանը պարզ է՝ իրավիճակը հասցնել ռազմական էսկալացիայի ու հիմքեր ստեղծել, որոնք իրեն թույլ կտան ներխուժել Սյունիքի խորքերը ու այդպիսով պարտադրել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նախագծի իրականացումը։ Սա՝ մեղմ ասած: Հենց դրանով է պայմանավորված, որ պաշտոնական Բաքուն անցել է ուժի բացահայտ ցուցադրության։

Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության, այս օրերին ընթացող լայնամասշտաբ զորավարժություններում ներգրավված են մինչև 15 հազար զինվորականներ և մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա։ Ընդ որում, այս տարվա 5 ամիսների ընթացքում սա արդեն 5-րդ զորավարժությունն է, ինչը մեծ թիվ է այդ կարճ ժամանակամիջոցի համար։ Իսկ ի՞նչ քայլեր է ձեռնարկել հայկական կողմն այս ամիսների ընթացքում։ Հայաստանն իշխանությունների պատճառով անգամ ի վիճակի չի եղել նախաձեռնել սեփական սահմանների կահավորման հարցը, ուստի այս պայմաններում միգուցե անիմաստ է խոսել այն մասին, թե մեր երկիրը կարող էր որպես ուժի ցուցադրության համապատասխան գործիք խոշորամասշտաբ զորավարժություն կազմակերպել։ Ստացվում է, որ երկրի ներսում անվտանգության համակարգի ձևավորումը և ամրապնդումը ամենահրատապ հարցն է, որի ուղղությամբ առանց ժամանակ կորցնելու պետք էր շատ ակտիվ ջանքեր գործադրել։

Բայց դրա փոխարեն ՀՀ իշխանությունները փորձում են խնդիրը լուծել այն ընդամենը միջազգային հարթակ տեղափոխելու և միջազգային մեխանիզմների կիրառման միջոցով։ Հենց դրանով է պայմանավորված, որ պաշտոնական Երևանը աջակցություն ստանալու ակնկալիքով դիմեց ՀԱՊԿ-ին, Ռուսաստանին, Ֆրանսիային, ԱՄՆ-ին, հարցը բարձրացրեց նաև այլ հարթակներում։ Իսկ երբ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի պաշտոնյաներից որևէ մեկը Բաքվի գործողությունները դատապարտող հայտարարություն է անում, ոգևորվում ենք, մեզ թվում է, թե ուր որ է խնդիրը կլուծվի քաղաքական ճանապարհով։ Միջազգային հարթակներում աշխատանք տանելը ոչ միայն վատ չէ, այլև անհրաժեշտություն է: Բայց պետք չէ միայն էմոցիաներով առաջնորդվել, և անհրաժեշտ է գիտակցել, որ մի հայտարարությունը բավական չէ քաղաքական լուծման հասնելու համար, իսկ հետո այդ հայտարարությունները կարող են փոխվել, անհրաժեշտ գործողություններ են պետք։

Ճիշտ է՝ միջազգային հանրության և ընդհանուր առմամբ տարածաշրջանում ներկայացվածություն ունեցող խաղացողների դերակատարությունը տեղի ունեցող գործընթացներում և հակամարտություններում շատ կարևոր է, սակայն մյուս կողմից՝ չարժե գերագնահատել դրա նշանակությունը։ Արցախյան պատերազմի ընթացքը ևս ցույց տվեց, որ միջազգային հանրության տարբեր շրջանակներ կարող են Ադրբեջանի գործողությունները դատապարտող հայտարարություններ անել, սակայն դրանց այդպես էլ կոնկրետ գործողություններ չեն հետևում։ Այդպես եղավ, օրինակ՝ օտարերկրյա վարձկան գրոհայիններին մարտական գործողություններում ներգրավելու հարցի դեպքում, երբ Հայաստանում ակնկալիքներ կային, թե ահաբեկիչներից եկող վտանգը չեզոքացնելու նպատակով միջազգային հանրությունը կներգրավվի հակաահաբեկչական գործողություններում։ Կարելի է հիշել, թե Փաշինյանն այս մասին ինչպիսի հայտարարություններ էր անում։

Բայց միջազգային շրջանակները ոչ միայն հակաահաբեկչական գործողություններ չձեռնարկեցին, այլև կարծես թե շատ արագ մոռացան այդ փաստի մասին։ Բացի այդ, Հայաստանը մի՞թե լրջորեն ակնկալում է, որ Ղազախստանն ու Ղրղզստանը, որոնք պանթուրքական բազմաթիվ ծրագրերի շրջանակներում սերտորեն համագործակցում են Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, պետք է ուժեր ուղարկեն ադրբեջանական զինվորականներին Հայաստանի տարածքից հետ մղելու համար։ Ամեն դեպքում չպետք է կտրվել իրականությունից և հիմնական հույսը դնել արտաքին ուժերի վրա, թե նրանք հարցերը կարող են լուծել, քանի որ այդ հույսերը կարող են ուղղակի չարդարացնել իրենց։

Անհրաժեշտ է առաջնորդվել միայն ու միայն իրատեսական մոտեցմամբ։ Նախ՝ Հայաստանն ինքը պետք է կարողանա զարգացնել իր ներուժը և ի վիճակի լինել ինքնուրույն լուծել անվտանգային հարցերը։ Իսկ երբ մեր երկիրն իրենից ուժ ներկայացնի, ապա արտաքին դերակատարները հաշվի կնստեն մեր կարծիքի հետ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում