Սենսացիոն բացահայտում. «168 ժամ»

Սենսացիոն բացահայտում. «168 ժամ»

«168 ժամը» գրում է. ««Երևանի 30-ամյա բնակիչը, 2018թ. կեսերից մինչև դեկտեմբերի վերջն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով Հայաստանի Հանրապետությունում գործող բուքմեյքերական ընկերություններից մեկի վաճառքի բաժնի մասնագետ, տիրապետելով թուրքերեն լեզվին՝ նշված ընկերության կողմից արտադրված ապրանքների վաճառքի շուրջ բանակցություններ է վարել բուքմեյքերական ոլորտում գործունեություն ծավալող թուրքական ընկերությունների հետ, որի ընթացքում հարաբերություններ ստեղծելով նշված ընկերություններից մեկի՝ ազգությամբ թուրք աշխատակցի հետ՝ պայմանավորվածություն է ձեռք բերել վերոնշյալ բուքմեյքերական ընկերության համակարգչային համակարգում առկա տեղեկատվությունը պատճենահանելու նպատակով վնասաբեր ծրագիր ներբեռնելու շուրջ»,- սա մեջբերում է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, որում դետալներով ներկայացված է նաև, թե ինչպես է բուքմեյքերական ընկերության ազգությամբ հայ աշխատակիցն իրագործել իր դավաճանական ծրագիրը։

Առաջին հայացքից առօրեական քրեական քրոնիկայի մասին պատմող այս հաղորդագրությունը իրականում չափազանց խորհրդանշական է և փոխաբերականորեն, բայց նաև գրեթե ուղիղ իմաստով արտահայտում է այն ողբերգությունը, որը տեղի է ունեցել Արցախի և Հայաստանի հետ։

Դժվար է ասել՝ արդյոք Քննչական կոմիտեի կամ այլ քննչական մարմինների հոգեբանները կկարողնանա՞ն մինչև վերջ պարզել բուքմեյքերական ընկերության այդ աշխատակցի քայլի բոլոր շարժառիթներն ու նաև այն, թե ի՞նչն է դրդել նրան դիմելու այդ գործողությանը։

Հազիվ թե։

Որովհետև պարզելու դեպքում, Քննչական կոմիտեն կարող է ստիպված լինել հրապարակել պետական գաղտնիք այն մասին, որ բուքմեյքերական ընկերության այդ աշխատակիցն իր գործողությունները կառուցել է՝ հետևելով Հայաստանի բարձրագույն իշխանության քայլերին և առաջնորդվել է այն մոդելով, որով նրանք կառավարել են Հայաստանը։

Քրեական այս պատմության ու հայկական իրականության խտացված նմանություններն ապշեցնող են։

Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո Հայաստանը վերածվել է մեծ բուքմեյքերական գրասենյակի, նրա իշխանությունն ամեն ինչ արել է խաղամոլությամբ զբաղվող այդ ընկերությունների ու հատկապես դրանցից մեկի տարածման ու բարգավաճման համար։

Գործնականում՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հայ հասարակության անթույլատրելիորեն մեծ հատվածի դարձրել է խաղամոլ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, այդ թվում՝ մարդկանց խոցելիությամբ ու կառավարելիությամբ։ Ահա, ուրեմն, բուքմեյքերական գրասենյակի վերածված այս երկրում, առանձին վերցրած մի բուքմեյքերական գրասենյակի աշխատակից՝ տեսնելով, որ երկրի բարձրագույն իշխանությունը կա՛մ կանխամտածված գործողություններով, կամ նույնքան կանխամտածված անգործությամբ, պետությունը, պետական կառավարման համակարգը հասանելի ու կառավարելի է դարձրել թշնամիների համար, ինքն էլ, կիրառելով նույն մեթոդը՝ փորձել է հասանելիություն ապահովել նույն այն թշնամի երկրի քաղաքացու համար, որի առաջ բացվել են բուքմեյքերական գրասենյակի վերածված Հայաստանի դռները։

Այն, ինչ Նիկոլ Փաշինյանն արել է Հայաստանի հետ, մեթոդի առումով գրեթե չի տարբերվում նրանից, ինչով զբաղվել է այդ բուքմեյքերը։ Տարբերությունն այն է, որ նա հանցանքի պահին բռնվել և դարձել է մեղադրյալ, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ բռնվել, բայց դարձել է մեղադրող։

Լայն իմաստով, խորամանկ ու դավաճան բուքմեյքերի և Նիկոլ Փաշինյանի նպատակները նույնն են՝ ՓՈՂԸ։ Այն տարբերությամբ, որ վերջինս այդ նպատակը ներկայացնում է «տարածաշրջանային կոմունիկացիաների բացման», «հաղորդակցությունների ապաշրջափակման» գեղեցիկ լոզունգներով, իսկ բռնված բուքմեյքերը երևի կխոստովանի, որ այդ քայլին դիմել է, ասենք՝ թանկարժեք մեքենա գնելու կամ կնոջը ոսկե ապարանջան նվիրելու դավադիր նպատակով։

Դավաճանությունը՝ որպես երևույթ, նույնն է, մասշտաբներն են տարբեր։ Մեկը կարող է դավաճանել գործատու ընկերությանը, երկրորդը՝ կնոջը, երրորդի պարագային դավաճանության առարկան կարող է դառնալ ՀԱՅՐԵՆԻՔԸ։

Հայաստանն ապրում է սյուռ իրականության մեջ։ Այստեղ մանր խաղադրույքներ են ընդունում թուրքերին տեղեկություններ վաճառող բուքմեյքերները և մեծ խաղադրույքներ են կատարում թուրքական տեղեկություններով սնվողները։

Հայաստանը մոտենում է այն սահմանագծին, երբ խաղավարը հայտարարելու է՝ «խաղն ավարտված է, շնորհակալություն խաղի համար»։

Հայաստանը դառնալու է մեր պարտությունն ու այլոց շահումը։ Խարդախ բուքմեյքերը կրելու է իր պատիժը որևէ կալանավայրում, իսկ Հայաստանը տանուլ տվածը փորձելու է վայելել վտարանդի խաղաղասերի ազատությունը արևկող որևէ հեռու երկրում։

Տարբերությունը, կրկին, խիստ սյուրռեալիստական է»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում