«Եվրատեսիլ-2021»-ի հաղթող խմբի մենակատարը ուղիղ եթերում թմրանյութ է օգտագործել (տեսանյութ)

«Եվրատեսիլ-2021»-ի հաղթող խմբի մենակատարը ուղիղ եթերում թմրանյութ է օգտագործել (տեսանյութ)

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչ Եվրոպական հեռարձակողների միությունը կիրակի հայտարարել է, որ մրցույթի հաղթող Maneskin ռոք խմբի մենակատարի կողմից ուղիղ եթերում թմրանյութի օգտագործման առնչությամբ հետաքննություն է սկսել, ինչպես տեղեկացնում է ԼՈՒՐԵՐ.com-ը, գրում է Deadline-ը։

Սոցիալական ցանցերում տարածված կադրերում երևում է՝ ինչպես է «կանաչ սենյակում» նստած Դամիանո Դեյվիդը գլուխը մի պահ իջեցնում սեղանի վրա, ինչը հանգեցրել է այն ենթադրությանը, որ վերջինս թմրանյութ է ընդունում։

«Մենք տեղյակ ենք «կանաչ սենյակում» «Եվրատեսիլ» երգի մրցույթի հաղթող խմբի մասնակցությամբ տեսահոլովակի շուրջ շահարկումների մասին», – հայտարարել են կազմակերպիչները:

Եվրոպական հեռարձակողների միությունը հավելել է, որ խումբը «վճռականորեն հերքել է» թմրանյութերի օգտագործման մեղադրանքները, և որ Դեյվիդը Իտալիա ժամանելուց անմիջապես հետո թմրանյութերի կամավոր թեստ կհանձնի։ Նշվում է նաև, որ «կանաչ սենյակում» գտնվողները պնդել են, որ իտալական պատվիրակության սեղանին բաժակ է կոտրվել և երգիչը փորձել է հեռացնել ապակու բեկորները։

Երգիչը շաբաթ երեկոյան կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հերքել է թմրանյութեր օգտագործելու վերաբերյալ մեղադրանքները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում