Դա գերեվարում չէ, տեղի է ունեցել մեր զինծառայողների առևանգում ՀՀ տարածքից. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Դա գերեվարում չէ, տեղի է ունեցել մեր զինծառայողների առևանգում ՀՀ տարածքից. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Ես կարևոր եմ համարում տեղեկացնել, թե ինչ է տեղի ունեցել. վեց զինծառայողները ՀՀ ինքնիշխան տարածքում սահմանի կահավորման աշխատանքներ իրականացնելիս են եղել: Ինչպես տեղեկացնում է Tert.am-ը, այս մասին այսօր Կառավարության հերթական նիստին՝ մինչ օրակարգին անցնելը, ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Ականապատման աշխատանքներ են իրականացրել, ընդ որում, ուզում եմ հատուկ ընդգծել, որ դրանք իրականացվել են զուգորդելով՝ զգուշացնող նշանների տեղադրմամբ, այսինքն՝ ոչ թե դիվերսիոն նպատակներով: Այս գործողություններն իրականացվել են մեր սահմանի պաշտպանությունը բարձրացնելու նպատակով, հետագայում եղել է տեղեկություն, որ մեր զինվորները գերեվարվել են, հանգամանքները դեռ պետք է պարզվել, բայց դա ըստ էության գերեվարում չէ, տեղի է ունեցել մեր զինծառայողների առևանգում ՀՀ տարածքից»,– ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս գործընթացներն անընդունելի է: «Այս կարգի միջադեպերը տեղի են ունենում այն պատճառով, որ ոմանք ուզում են այնպես անել, որ համակերպվենք մեր տարածքում ադրբեջանական ուժերի ներկայության հետ, ինչը տեղի ունենալ չի կարող», – ասաց նա: Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ հարցը չպետք է օգտագործվի ներքաղաքական նպատակով, պետք է դատապարտել այս իրավիճակը բանակի և ԶՈՒ դեմ օգտագործելու բոլոր փորձերը: Նա նշեց, որ մեր հանրությունը պետք է համախմբած լինի բանակի, պետական ինստիտուտների շուրջ: Նա ասաց, որ այս միջադեպերը ցույց են տալիս, որ սովորական իրադրություն չէ, սա Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը սպառնացող վտանգ է:

Փաշինյանը կրկին հիշեցրեց, որ Ադրբեջանը երկու նպատակ ունի այս գործողություններով․ «Նպատակներից մեկը այն է, որ տարբերակ կա իրադրությունը զարգացնել այնպես, որ իրենց ԶՈՒ ներկայությունը մեր տարածքում դիտվի որպես սովորական բան, երկրորդ սցենարն այն է, որ հրահրվի ռազմական բախում՝ իրադրությունը վերահսկողությունից դուրս բերելու նպատակով: Մենք այս երկու նպատակներից որևէ մեկին տուրք չպետք է տանք, մեր պահանջը հստակ է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է դուրս գա մեր տարածքից, և մենք լինելու ենք սթափ, շրջահայաց»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում