Թուրքական ուժերը թիրախավորում են քրիստոնյաներին պատկանող տներն ու եկեղեցիները. Rudaw

Թուրքական ուժերը թիրախավորում են քրիստոնյաներին պատկանող տներն ու եկեղեցիները. Rudaw

Թուրքական ուժերն անցյալ ամիս սկսված իրենց ռազմական գործողությունների շրջանակում թիրախավորել են Իրաքի հյուսիսում գտնվող մի քանի գյուղեր, գրում է քրդամետ Rudaw -ն և հավելում, որ վնասվել են տեղի քրիստոնյաներին պատկանող տներն ու եկեղեցիները։ Գրում է Tert.am-ը:

«Կայծակի ճանկ» գործողությունը, որը սկսվել է ապրիլի 24-ին, կենտրոնացած է Դոհուքի Ավաշին, Բասիան և Մեթինա շրջանների վրա։ Տեղի բնակիչները հայտնում են, որ գործողությունների հետևանքով ավելի քան 246 հեկտար վարելահող է այրվել, այրվել է մոտ 21,5 հա անտառային տարածք, վիրավորվել են բնակիչներ և ավերվել են շինություններ։

Վերլուծաբան Սեթ Ֆրանցմանը Jerusalem Post-ում գրել է, որ, տեղացիների պնդմամբ, իրական ահաբեկչությունը Թուրքիայի հարվածների հետևանքով է տեղի ունենում, որոնց համար օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր, ինքնաթիռներ և նույնիսկ հրետանի։ Վերլուծաբանը նշել է, որ Թուրքիայի գործողությունները կարծես միտված են էթնիկ զտումներ իրականացնելուն։

«Դժվար է կապ չտեսնել քրիստոնյա, եզդի և քրդական փոքրամասնությունների տարածքները Թուրքիայի կողմից պարբերաբար թիրախավորելու և Իրաքում ու Սիրիայում փոքրամասնությունների տոտալ էթնիկ զտման և տեղահանման մեջ», – ասել է Ֆրանցմանը և հավելել, որ Թուրքիայի գործողությունները վտանգավոր պայմաններ են ստեղծել Իրաքի, Սիրիայի և Մերձավոր Արևելքի շատ փոքրամասնությունների համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում