Ովքեր են Ռուսաստանի ամենահարուստ ժառանգները. Forbes

Ովքեր են Ռուսաստանի ամենահարուստ ժառանգները. Forbes

Հեղինակավոր Forbes հանդեսը հրապարակել է Ռուսաստանի ամենահարուստ ժառանգների ցանկը, որն այս տարի գլխավորել է «Լուկօյլ» ընկերության նախագահ Վագիթ Ալեքպերովի միակ որդին` Յուսուֆ Ալեքպերովը: Ինչպես գրում է Tert.am-ը, ըստ հանդեսի` հոր կարողությունից նրան բաժին է ընկնում 24 մլրդ դոլար:

Նշվում է, որ վարկանիշային ցանկը կազմելու համար հանդեսը, հիմք ընդունելով միլիարդատերերի կարողությունը, այն բաժանում է բոլոր երեխաների վրա: Ըստ Forbes-ի, 2021 թ.-ի ապրիլի 15-ի դրությամբ Ռուսաստանում կար 123 միլիարդատեր, որոնց կարողությունը կազմում էր 610 միլիարդ դոլար: Եթե այդ գումարը հավասարապես բաժանվի նրանց երեխաների ընդհանուր թվի (357) վրա, նրանք նույնպես կլինեն միլիարդատերեր` 1,7 միլիարդ դոլար միջին արդյունքով:

Ռուսաստանի ամենահարուստ ժառանգների ցանկում ներկայացվել է 20 ընտանիք, որտեղ երեխաներին բաժին է հասնում 3,1 մլրդ դոլարից ոչ պակաս գումար: Ցանկում ներառված ժառանգների թիվը 50 է: Նրանք ընդհանուր ժառանգում են իրենց ծնողներից 300 մլրդ դոլար:

Երկրորդ տեղում են «Նովատեկ» և «Սիբուր» ընկերությունների հիմնական սեփականատեր Լեոնիդ Միխելսոնի որդին և դուստրը (յուրաքանչյուրը $ 12,5 միլիարդ), երրորդում` Ուրալի լեռնամետալուրգիական ընկերության հիմնական բաժնետեր Իսկանդեր Մախմուդովի որդին (9,7 միլիարդ դոլար):

Այս տարվա վարկանիշի կազմը փոխվել է նախորդ տարվա համեմատ: Դրանում հայտնվել են երկու ընտանիքի երեք նոր անդամներ` Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի դուստրը և որդին (8,6 միլիարդ դոլար յուրաքանչյուր երեխայի համար):

Նորեկ է դարձել նաև «Ռոսսիա» բանկի և «Սոգազ» ապահովագրական ընկերության խոշոր բաժնետեր Յուրի Կովալչուկի որդին` Բորիսը (3,3 միլիարդ դոլար):

Հետևեք մեզ նաև Telegram-ում