Վերջին 10 օրում հայտարարվել է 4 զինծառայողի մահվան և 1 զինծառայողի անհետ կորելու մասին

Վերջին 10 օրում հայտարարվել է 4 զինծառայողի մահվան և 1 զինծառայողի անհետ կորելու մասին

«Հենակետ» վերլուծական կենտրոնը ամփոփել է շաբաթվա լուրերը: Անդրադարձ է կատարվել անվտանգության ոլորտին:

Սյունիքի մասին

Ինչպես նախորդ երկու շաբաթվա ժամանակահատվածում, այնպես էլ ընթացքիկ օրերին ԶԼՄ-ներում և ողջ մեդիատիրույթում գլխավոր քննարկման թեման Սյունիքի ու Գեղարքունիքի սահմանների շուրջ ծավալվող զարգացումներն են։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, տեղակայվել է Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, մասնավորապես Սև լճի մերձակայքում, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի մի շարք հատվածներում, կիլոմետրերով խորացել և չեն հեռանում։ Նաև պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում, օրեր առաջ ծեծկռտուք էր բռնկվել։ Մինչ այս պահը նրանք դիրքավորված են առաջ եկած տարածքներում, իսկ ամենօրյա բանակցություններն էլ անարդյունք են։

Նախորդ շաբաթ մամուլում լուրեր շրջանառվեցին այն մասին, թե Սյունիքի մարզի Սև լճի մոտ արդեն 1000-ից ավելի ադրբեջանցի զինվորական կա։ ՊՆ-ն անդրադառնալով այդ թեմային, հայտնել է, թե տարածվող պնդումները չեն համապատասխանում իրականությանը:

Մայիսի 25-ին` ժամը 14։20-ի ժամանակահատվածում, Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել հայ պայմանագրային զինծառայող։

Մասնավորապես, ըստ դատախազության հաղորդագրության, ադրբեջանցիները առաջ են եկել մեր պահպանության տակ գտնվող սահմանից, բռնության կոչեր են հնչեցրել այդ հատվածում պահպանություն իրականացնող ՀՀ ԶՈՒ-ի զինծառայողների նկատմամբ, պահանջել են դիմադրություն ցույց չտալ ու ազատել տարածքը:

Առաջացած վիճաբանության ընթացքում նրանք դիտավորությամբ կրակահերթեր են արձակել ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ, որի արդյունքում էլ զոհվել է մեր զինծառայողը։

Նույն ժամանակամիջոցում մամուլում սկսեցին շրջանառվել լուրեր, ըստ որոնց Սյունիքում՝ Սիսիանի հատվածում հակառակորդի կողմից ևս հնչել են կրակոցներ և կան վիրավորներ: Սակայն ՀՀ պաշտպանական գերատեսչությունը վստահեցրել է, որ սահմանագծի այդ հատվածում միջադեպեր չեն գրանցվել։

ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հայտնել է, թե Հայաստանը չի բացառում, որ ՀԱՊԿ–ին կդիմի նաև պայմանագրի 4-րդ հոդվածով։ Ըստ նրա՝ ՀԱՊԿ–ը պարտավորություն ունի նաև առաքելություն ուղարկելու հակամարտության գոտի կամ ստեղծված իրավիճակում տվյալ պետության տարածք, որպեսզի առաքելությունը գնահատական տա։

Գրիգորյանը նաև շեշտել է, թե ՀԱՊԿ անդամ երկրներին Հայաստանը զգուշացրել էր, որ հնարավոր է` իրավիճակը դուրս գա վերահսկողությունից։

Մայիսի 25-ին ՀԱՊԿ միացյալ շտաբում տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության և անվտանգության կոմիտեների ներկայացուցիչների հանդիպումը։ Հանդիպմանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը հանդես է եկել զեկույցով, որում գնահատել է ռազմաքաղաքական իրավիճակը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում, տեղեկացրել մարտահրավերներին հակազդելու, ռազմական համագործակցության հեռանկարների մասին։

Հայ-ադրբեջանական սահմանին գրանցված վերջին սրացումը, Սեմերիկովի խոսքով, պահանջում է հրատապ միջոցառումների ընդունում, առաջին հերթին` քաղաքական և դիվանագիտական բնույթի, և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանազատման հարցերի լուծում:

Նիդեռլանդների խորհրդարանն էլ ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունել է բանաձև, որով կառավարությանը հորդորել է ջանքեր գործադրել, որ ԵՄ-ն պահանջի Ադրբեջանից անմիջապես դուրս բերել ուժերը Հայաստանի տարածքից։

ՀՀ ԱԳՆ ն ևս արձագանքել է վերջին զարգացումներին, դատապարտելով Ադրբեջանի ոտնձգությունները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։

ՀՀ ՄԻՊ-ն էլ իր հերթին հայտնել է, որ շարունակում է միջազգային մարմիններին ուղարկել փաստերի վրա հիմնված զեկույցներ ու հաղորդումներ տեղում առկա իրական վիճակի վերաբերյալ։

Մայիսի 26-ին Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է, որ հայկական կողմը չի բացառում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելը Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակի պատճառով, եթե ՀԱՊԿ մեխանիզմները թույլ չտան լուծել այս խնդիրը: Բացի այդ, նա նշել է, որ Հայաստանը գոհ չէ ՀԱՊԿ-ի «գործողությունների արագությունից»՝ Ադրբեջանի հետ սահմանի խնդրի լուծման հարցում, և ընդգծել, որ կազմակերպությունը հրապարակավ հստակ դիրքորոշում չի հայտնել այս հարցում:

ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, արձագանքելով Փաշինյանի հայտարարությանը, նշել է, որ վարչապետի՝ երկրի խորհրդարանում ՀԱՊԿ-ի վերաբերյալ հնչեցրած հայտարարություններն ընդունվել են ի գիտություն, խորհրդակցությունների անցկացման աշխատանքները շարունակվում են:

Մայիսի 26-ին Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը այցելել է Հայաստան: ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ հանդիպման ճամանակ Զարիֆը իր մտահոգությունն է հայտնել վերջին երկու շաբաթվա ընթացքում ՀՀ սահմանին տեղի ունեցած սրացումներից։ Զարիֆը զգուշացրել է, որպեսզի զսպվածություն ցուցաբերվի և հարգվի ինքնիշխանությունը։

Նրա խոսքով՝ Հայաստանի սահմանին նոր ճգնաժամի լուծման ուղղությամբ Իրանը հատուկ ջանքեր է գործադրել, մասնավորապես, հատուկ բանագնացին՝ Իրանի ԱԳ նախարարի տեղակալին գործուղել է տարածաշրջան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: Ըստ Զախարովայի՝ ռուսական կողմը ներգրավված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպի կարգավորմանը` նպաստելով լարվածության նվազեցմանը.

Իրավիճակը էլ ավելի է սրվում, երբ հաջորդ օրը, մայիսի 27-ի վաղ առավոտյան, Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։

Բանակցությունները՝ գերեվարված զինծառայողներին ետ վերադարձնելու պահանջով, կրկին արդյունք չի ունեցել։

ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը հանդես է եկել ասուլիսով և ներկայացրել իրավիճակը սահմանին, մանրամասնել 6 զինծառայողների գերեվարման հանգամանքները։

Նույն օրը ԱԺ նիստի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշել է,թե իրենց մոտ կա ակնկալիք, որ ՀԱՊԿ-ը շատ օպերատիպ կերպով արձագանքի տեղի ունեցող իրադարձություններին և այդ օպերատիվ արձագանքի հապաղումն է, միգուցե, որ հանգեցնում է նման զարգացումների ու էսկալացիաների։

Նիկոլ Փաշինյանն էլ հրավիրել է ԱԽ նիստ, որի ընթացքում հանդես է եկել առաջարկությամբ՝ ուղղված միջազգային հանրությանը և Ադրբեջանին։ Ըստ Փաշինյանի՝ շատ արագ երկու կողմերի զինված ուժերի ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանում են սահմանից, առաջ եկած տարածքներից ԶՈՒ ստորաբաժանումները վերադառնում են մշտական տեղակայման վայրեր։

Դրա փոխարեն սահմանագծի երկայնքով տեղակայվում են միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներգրավվածությամբ։

Փաշինյանը հայտնել է, որ խոսքը Սոթք-Խոզնավար սահմանային հատվածի մասին է, որից հետո միջազգային հովանու ներքո տեղի կունենա սահմանային կետերի ճշգրտման աշխատանք։

Փաշինյանի այդ առաջարկը բուռն քննադատության առարկա է դարձել փորձագիտական, տարբեր քաղաքական շրջանակների կողմից։

ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել հայ զինվորների գերեվարման առնչությամբ և կոչ արել հարթել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Պետքարտուղարությունը նաև կոչ է արել Ադրբեջանին տեղափոխել զորքերը մայիսի 11-ի դրությամբ եղած դիրքեր,Հայաստանին ևս ՝ տեղակայել իր ուժերը մայիսի 11-ի դրությամբ եղած դիրքերում և ողջունել են այդ նպատակով արվող հայտարարությունները:

Ֆրանսիայի ԱԳՆ ն ևս հայտարարություն է տարածել, խորը մտահոգություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանին հաճախակի դարձած միջադեպերի առնչությամբ, մասնավորապես`մայիսի 26-ի գիշեր լույս 27-ին ադրբեջանական զորքերի կողմից 6 հայ զինվորի գերեվարման համար։

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պատրաստակամությունը լարվածությունը մեղմացնելու և տարաձայնությունները լուծելու հարցում:

Զարիֆը շեշտել է, որ Իրանը մտահոգված է տարածաշրջանում տիրող ցանկացած լարվածությամբ և կարևորում է միջազգայնորեն ճանաչված սահմանների անվտանգությունը, ինչպես նաև երկրների տարածքային ամբողջականությունը, որը կարմիր գիծ է հանդիսանում Իսլամական Հանրապետության համար:

ՄԱԿ-ը ևս Բաքվին և Երևանին կոչ է արել չսրել իրավիճակը։

Մայիսի 27-ին ՌԴ ԱԳ փոխնախարար Անատոլի Ռուդենկոն հեռախոսազրույց է ունեցել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։ Նշվում է, որ տեղի է ունեցել կարծիքների և գնահատականների օգտակար փոխանակում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի համատեքստում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստանի Դաշնությունից՝ Իգոր Պոպովը, Ֆրանսիայից՝ Ստեֆան Վիսկոնտին և Ամերիկայի Միացյալ Նահանգներից՝ Էնդրյու Շոֆերը) հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով մայիսի 27-ին վեց հայ զինծառայողների գերեվարմանը։

Համանախագահներն երկու կողմերին կոչ են արել անհապաղ քայլեր ձեռնարկել, ներառյալ զորքերի վերատեղակայումը, իրավիճակը լիցքաթափելու և խաղաղ ճանապարհով սահմանի դելիմիտացիայի ու դեմարկացիայի շուրջ բանակցությունները սկսելու համար:

ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին հորդորել է ձեռնպահ մնալ ռազմական ուժի հետագա տեղակայումից և գործողություններից։ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գլխավոր խոսնակ Պիտեր Ստանոյի խոսքով՝ ԵՄ պատրաստ է տրամադրել փորձագիտական ներուժ և օգնել սահմանի սահմանագծման և սահմանազատման աշխատանքների իրականացմանը, ինչպես նաև աջակցել անհրաժեշտ վստահության ամրապնդման մեխանիզմներին՝ առաջ շարժվելու դեպի հարատև խաղաղություն ու բարեկեցություն Հարավային Կովկասում։

Ռազմագերիների, անհետ կորած զինծառայողների հետ կապված հարցերի մասին

ՀՀ ՊՆ-ն մեկնաբանել է նաև Իրանում 160 հայ զինվորի գտնվելու մասին լուրերը: Հիշեցնենք, որ մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, Իրանի Իսլամական Հանրապետությունում է գտնվում շուրջ 160 հայ զինվոր։ Վերջերս իրանցի բարձրաստիճան զինվորականների՝ Հայաստան ժամանման առիթներից մեկն էլ հայ զինվորների վերադարձի հետ կապված հարցերը քննարկելն է եղել։

ՀՀ ՊՆ-ից հայտնել են, որ Իրանում գեթ մեկ հայ զինվորի գտնվելու մասին տեղեկություններ չունեն։

Այլ թեմաներ

Մայիսի 25-ին ՀՀ ՊՆ 3-րդ կորպուսի հրամանատար, գեներալ-գնդապես Գրիգորի Խաչատուրովը հայտարարություն է տարածել, կրկին անգամ վերահաստատելով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի 2021թ. փետրվարի 25-ի հայտարարությունը, նորից Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը։

Ադրբեջանի ՊՆ-ն մայիսի 28-ին հայտարարություն էր տարածել, թե, իբր, մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Բաբեկի շրջանի ուղղությամբ Հայաստանի ԶՈՒ-ն մի քանի ուղղություններով կրակ է բացել ադրբեջանական ուժերի դիրքերի վրա։ Ադրբեջանի ՊՆ-ն նաև հայտնել է, իբր, միջադեպի արդյունքում մեկ վիրավորի մասին։

ՀՀ ՊՆ-ն կտրականապես հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հայտարարությունը։

ՊՆ անցուդարձի մասին

Շաբաթվա ընթացքում, ՊՆ զորամիավորումների տարբեր զորամասերում անցկացվել են մասնագիտական պարապմունքներ, կրակային պատրաստության ուսումնական վարժանքներ, վաշտերի ու մարտկոցների հրամանատարների հավաքներ, և այլն։

Նշենք նաև, որ վերջին 10 օրվա ընթացքում պաշտոնապես հայտարարվել է 4 զինծառայողի մահվան և մեկ զինծառայողի անհետ կորելու մասին։
Անվտանգության ոլորտի վերաբերյալ լրատվական հոսքերը ակտիվ քննարկման կիզակետում են եղել, ԶԼՄ-ների առանցքային թեման՝ Սյունիքի ու Գեղարքունիքի սահմանների շուրջ տեղի ունեցող զարգացումներն են, միջադեպերի հետ կապված լուսաբանումները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում