Ալիեւ. «Երեւանում գիտակցում են Զանգեզուրի միջանցքի անխուսափելիությունը»

Ալիեւ. «Երեւանում գիտակցում են Զանգեզուրի միջանցքի անխուսափելիությունը»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել է, որ «հայկական կողմը պատշաճ կերպով վերլուծում է Զանգեզուրի միջանցքի անխուսափելիության հետ կապված հարցերը»:
«Հետպատերազմյան առաջին փուլում Հայաստանը բողոք էր ներկայացրել այդ կապակցությամբ: Բայց վերջերս ինձ տեղեկացրեցին, որ հայկական կողմն արդեն պատշաճ կերպով վերլուծում է այդ միջանցքի անխուսափելիության հետ կապված հարցերը: Ինչպես գիտեք, հիմա քննարկումներն ընթանում են եռակողմ ձեւաչափով՝ Ադրբեջանի, ՌԴ եւ Հայաստանի փոխվարչապետերի մակարդակով, եւ կան լավ արդյունքներ», – ասել է Ալիեւը՝ Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարի հետ հանդիպմանը:

 «Զանգեզուրի միջանցքը նոր կապ կապահովի Ադրբեջանի եւ Թուրքիայի: Մենք արդեն սկսել ենք երկաթուղու կառուցումը Հորադիզից մինչեւ Հայաստանի սահման, եւ վստահ եմ, որ այն ամբողջ թափով կաշխատի 2-2.5 տարվա ընթացքում: Նախիջեւանի երկաթուղու մեծ մասը գործում է, բացակայող մասը կկառուցվի: Զանգեզուրի միջանցքի կարեւոր մասը պետք է կառուցվի Հայաստանում», – ասել է Ալիեւը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում