Մեր տարածքում ենք եղել, ադրբեջանցիները զենքերը բարձրացրել են ու ասել՝ դո՛ւրս գնացեք, թե չէ կկրակենք. Խնածախի բնակիչ

Մեր տարածքում ենք եղել, ադրբեջանցիները զենքերը բարձրացրել են ու ասել՝ դո՛ւրս գնացեք, թե չէ կկրակենք. Խնածախի բնակիչ

Մեր տարածքում անասունը պահելիս ադրբեջանցիները իրենց դիրքից զենքերը բարձրացրել են ու ասել՝ լքե՛ք տարածքը, թե չէ կկրակենք: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Խնածախ գյուղի հովիվներից մեկը՝ Նվեր Հակոբջանյանը:

Վերջինս ասաց, որ ադրբեջանցիները իրենց դիրքերում շատ են՝ մոտ 30 հոգի. «Նրանք մեզ հետ հաղորդակցվում են ռուսերենով: Սա առաջին դեպքն էր, երբ այդպես պահեցին իրենց, բայց ո՛չ կրակոց է եղել, ո՛չ իրենց դիրքից են իջել, միջադեպ չի եղել»,- ասաց Խնածախի բնակիչը՝ հավելելով, որ ադրբեջանցի զինվորների այդ պահվածքից հետո անասունները չեն հանել տարածքից:

«Մենք պատասխանել ենք՝ մեր տարածքն է, անասունները չենք հանելու՝ ուզում եք, կրակեք»,– ասաց Նվեր Հակոբջանյանը, նշելով, որ չեն վախենում ադրբեջանցի զինվորներից. «Այդ դեպքից հետո նույն տարածքով գնում ենք, նույն տարածքով գալիս, չենք վախենում»,-ընդգծեց նա:

Ըստ վերջինիս խոսքերի Խնածախի տղամարդիկ են հսկում սահմանի և գյուղի խաղաղությունը. «Մենք ողջ գիշեր զենքերով հսկում ենք մեր սահմանն ու գյուղը, որ ամեն ինչ կարգին լինի»,- նշեց Նվերը:

Մեր այն հարցին, թե կա՞ն ընտանիքներ, որոնք սամանին տիրող իրավիճակի պատճառով լքել են գյուղը, պատասխանեց. «Այո՛, կան ընտանիքներ, որոնք գյուղը լքել են, մոտ 2-3 ընտանիք են»,- ասաց Նվեր Հակոբջանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում