Փարիզի ոստիկանությունում մեզ հասկացան և հարգալից վերաբերվեցին. Փաշինյանի դեմ ակցիայի մասնակից (տեսանյութ)

Փարիզի ոստիկանությունում մեզ հասկացան և հարգալից վերաբերվեցին. Փաշինյանի դեմ ակցիայի մասնակից (տեսանյութ)

«Մեզ համար շատ կարևոր էր, որ Նիկոլ Փաշինյանը չկարողանա իր տարեդարձի օրը նշի Ֆրանսիայում և իր սելֆիներով նախընտրական ՓիԱր արշավ իրականացնի՝ ինքն իրեն ներկայացնելով, թե մեծ և կարող քաղաքական գործիչ է, ինչն իրականությանը չի համապատասխանում: Մենք կանխեցինք այդ քայլն ու մեր նպատակին հասանք»,Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ «Նոր սերունդ» երիտասարդական կազմակերպության անդամ Նժդեհ Գարագավորյանը, որը 24 կալանավորված է եղել Փարիզի ոստիկանությունում, այն բանից հետո, երբ ինքն ու իր ընկերը կանգնել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանություն տանող ճանապարհի մեջտեղում և Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան ուղղությամբ հավկիթներ ու լոլիկներ շպրտել:

«Նիկոլ Փաշինյանը պղծել է ամեն բան՝ Եռաբլուրից մինչև Ֆրանսիայում Հայաստանի դեսպանություն, մեր ընդվզման ակցիան այնտեղ իրականացրեցինք, քանի որ մեզ համար դեսպանությունը ևս հայրենիքի մի մասն է. դավաճաններն այնտեղ ոտք դնելու իրավունք չունեն»,- ընդգծել է նա:

Փաշինյանը Փարիզում տեղաշարժվել է ոստիկանական ուժեղացված հսկողության ներքո. երիտասարդի դիտարկմամբ մոտ 100 ոստիկան է ապահովել նրա անվտանգությունը, ինչը չի եղել Հայաստանի որևէ ղեկավարի Ֆրանսիա այցի ընթացքում:

Նժդեհ Գարագավորյանը Tert.am-ին հայտնեց իր մտահոգությունն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պառակտում է մտցրել նաև սփյուռքում. «Փաշինյանը Հայաստանի ներքին համերաշխությունը քանդելուց հետո անցել է սփյուռքին՝ կազմելով հոգեկան հիվանդների խմբեր, փորձում է փոխարինել գաղութների ներկայացուցչական խումբը»,- պնդել է երիտասարդը:

Տարիներ շարունակ Ֆրանսիայի հայ համայնքի ողնաշարը եղել է Ֆրանսիայում հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը՝ CCAF-ը, հայտնի քաղաքական ընթրիքները նրանց անմիջական ջանքերով են իրականացվել ու Ֆրանսիայի իշխանություններին էլ ավելի մոտեցրել Հայաստանին, բայց հիմա CCAF-ը հայտնվել է թիրախում:

Նժդեհի դիտարկմամբ ցանկանում են՝ թավշե Հայաստանին ենթակա մեկ այլ կառույցով փոխարինել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում