Արարատ Միրզոյանի ու գերիների հարազատների հանդիպումից մանրամասներ. «Հրապարակ»

Արարատ Միրզոյանի ու գերիների հարազատների հանդիպումից մանրամասներ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանում պահվող շիրակցի ռազմագերիների նկատմամբ հարուցված գործը դատարան է գնացել։ Հայ գերիներին մեղադրում են իբր ահաբեկչություն, սադրանքներ ու այլ հանցագործություններ կատարելու մեջ։

14 հայ ռազմագերու դեմ հարուցված քրեական գործը քննվելու է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում։ Գերիների հարազատները երեկ թակել են հերթական պետական մարմնի դռները՝ հանդիպում են ունեցել Ազգային ժողովում, որին մասնակցել են տարբեր խմբակցությունների, միջազգային պատվիրակություններում ընդգրկված պատգամավորներ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Մեզ ասացին, որ հանդիպումն անցել է բավական ծանր և էմոցիոնալ մթնոլորտում, հարազատները մեղադրանքների տարափ են տեղացել իշխանությունների հասցեին, և գլխավոր հասցեատերը եղել է Միրզոյանը, ով փորձել է չշիկացնել մթնոլորտը, համաձայնել է հարազատների նկատառումների հետ, թե իրենք անկարող են, ապաշնորհ, անվերջ ստում են՝ ասելով, թե զբաղվում են իրենց հարցերով։

Միրզոյանն ասել է նաև, որ ինչ էլ ասեն, ինչ արդարացում էլ փորձեն գտնել, միևնույն է՝ քանի դեռ հարցը չի լուծվել, իրենց հասցեին կհնչեն այսպիսի մեղադրանքներ։ Հարազատներից մեկը հանդիպումից հետո մեզ փոխանցեց, որ ոչ մի դրական ազդակ չեն ստացել խորհրդարանականների հետ հանդիպումից․ «Հակառակը՝ ավելի հիասթափված ենք, հազար դուռ թակում ենք, բայց մեր հարցը տեղից չի շարժվում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում