Բայդենը եւ Էրդողանը կհանդիպեն հունիսի 14-ին

Բայդենը եւ Էրդողանը կհանդիպեն հունիսի 14-ին

ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ տարաձայնությունների քննարկումը կդառնա երկու երկրների նախագահներ Ջո Բայդենի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա հանդիպման օրակարգի հիմնական հարցը:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, ելույթ ունենալով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումներին՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ասել է, որ «մեր տարաձայնությունները գաղտնիք չեն»:

Նրա խոսքով, «շատ առումներով Թուրքիան չի գործում այնպես, ինչպես պետք է գործի ՆԱՏՕ-ի դաշնակիցը»: «Դա վերաբերում է նաեւ Ռուսաստանից Ս-400 համակարգերի գնմանը», – ասել է Բլինկենը:

Բացի այդ, նա նշել է, որ Թուրքիան «խորապես անհանգստացնող» գործողություններ էր ձեռնարկել Արեւելյան Միջերկրական ծովում:

Նախատեսվում է, որ Էրդողանի եւ Բայդենի բանակցությունները տեղի կունենան հունիսի 14-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում: Դա կլինի նրանց առաջին հանդիպումը պետությունների ղեկավարների կարգավիճակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում