Պետությունը պատրաստվում է վաճառել ԵՊՀ֊ի որոշ հատվածը

Պետությունը պատրաստվում է վաճառել ԵՊՀ֊ի որոշ հատվածը

ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեն, ի պատասխան «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի հարցմանը, հաստատել է, որ ԵՊՀ-ի մի հատվածի օտարման հարցը քննարկման փուլում է:

Պ​ետական գույքի կառավարման կոմիտեի գրության մեջ մասնավորապես գրված է, որ Աբովյան 52 (ԵՊՀ սև շենք) հասցեում գտնվող գույքը հանդիսանում է պետական սեփականությունը և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամին, սակայն ներկայումս քննարկվում է ներդրումային ծրագրի համաձայն՝ նշված գույքը ձեռք բերելու կոնկրետ առաջարկ:

Այս մասին «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ֊ի նախագահ Կարեն Հեքիմյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Մի քանի օր առաջ տեղեկություն էի ստացել, որ օրվա իշխանությունները պատրաստվում են օտարել (վաճառել) ԵՊՀ-ի որոշ հատվածը: Ըստ նույն աղբյուրների, օտարված (վաճառված) տարածքում գնորդը պատրաստվում է հյուրանոց կառուցել: Դե ինչ: Եթե սրանք մի բան են քննարկում, ուրեմն անպայման վաճառելու են: Չեն կարող չվաճառել: Այսպիսին է այս իշխանությունը: Եթե 187 գյուղի, 6 քաղաքի կորուստը մարսեցին, ապա ԵՊՀ-ի մի հատվածի վաճառքն ի՞նչ է, որ չմարսեն»,- գրել է իրավապաշտպանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում