Նոր զարգացումներ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով.«Ժողովուրդ»

Նոր զարգացումներ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնեցին, որ կասեցվել է ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանին ինքնասպանության հասցնելու հատկանիշներով հարուցված քրեական գործի քննությունը:

Ըստ կոմիտեի՝ հետմահու նշանակվել է դատահոգեբանական փորձաքննություն, որի եզրակացությունը ստանալուց հետո, ամենայն հավանականությամբ, քրեական գործը կկարճվի:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նախկին ոստիկանապետի հարազատները, մասնավորապես՝ Հայկ Հարությունյանի եղբորորդին, մշտապես գործով հետաքրքրվում էր եւ միջնորդություններ էր ներկայացրել Քննչական կոմիտե:

Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբերի 24-ին Բջնիի առանձնատանը հայտնաբերվել էր 2003-2008 թվականներին Հայաստանի ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Գրել էինք նաեւ, որ ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով հարցաքննվել է նաեւ ՀՀ նախկին փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում