Բայդեն-Պուտին սպասվող հանդիպմանը մանրամասները

Բայդեն-Պուտին սպասվող հանդիպմանը մանրամասները

Շվեյցարիայի արտգործնախարարությունը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները կընթանան Ժնեւի «Լա-Գրանժ» առանձնատանը։

18-րդ դարի շինությունը կառուցված է Ժնեւի խոշորագույն այգիներից մեկում։ «Լա-Գրանժ»-ում է գործում հին գրքերի եւ ձեռագրերի՝ Շվեյցարիայի խոշորագույն գրադարաններից մեկը։ Արդեն քանի օր է, ինչ ոստիկանությունն արգելափակել է առանձնատան մերձակայքը:

Ակնկալվում է, որ հունիսի 16-ի հանդիպումից առաջ Ժնեւի «Լա-Գրանժ» առանձնատան տարածքում հակաօդային պաշտպանության համակարգեր կտեղակայվեն։

Բայդենը հունիսի 9-ի երեկոյան ժամանել է Մեծ Բրիտանիա՝ այդպիսով սկսելով իր եվրոպական ուղեւորությունը: Լոնդոնում ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ մտադիր է բանակցությունների ժամանակ Պուտինին նախազգուշացնել ժողովրդավարական երկրների ինքնիշխանության խախտման անթույլատրելիության եւ նման միջամտության հետեւանքների մասին:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին ավելի վաղ հայտարարել է, որ Բայդենը Պուտինի հետ հանդիպմանը շիտակ կլինի իր արտահայտություններում:

Փսակին նշել է, որ Ջո Բայդենը վաղուց է ճանաչում Վլադիմիր Պուտինին, եւ իր երկյուղները կամ անհանգստությունը արտահայտելիս նախագահ Բայդենը միշտ անկեղծ է եղել: Ռուսաստանի իշխանությունների գործելակերպը չի համաձայնեցվում ժողովրդավարական արժեքների հետ, եւ Բայդենը, անպայմանորեն, հանդիպման ժամանակ շիտակ կլինի այդ հարցում եւս: Դա կնպաստի ավելի կայուն եւ կանխատեսելի հարաբերություններ հաստատելուն:

Սպիտակ տան մամուլի քարտուղարը նաեւ հայտնել է, որ լրագրողները կկարողանան նախագահ Բայդենին հարցեր տալ Ժնեւի հանդիպումից հետո՝ հույս հայտնելով, որ հնարավորություն կլինի հարցեր տալու նաեւ նախագահ Պուտինին:

Աղբյուրը՝ Ալիք Մեդիա

Հետևեք մեզ նաև Telegram-ում