Ռիքեր. Մինսկի խմբի մանդատը տակավին չափազանց կենսունակ է

Ռիքեր. Մինսկի խմբի մանդատը տակավին չափազանց կենսունակ է

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերն ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները «կարող են ստեղծարար լինել՝ աշխատելով հայ-ադրբեջանական հակամարտության երկու կողմերի հետ»:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու հրապարակային առաջարկությանը՝ Ֆիլիպ Ռիքերն ասել է.

«Խաղաղապահ որոշակի մեխանիզմի կամ դիտորդների մասին խոսակցությունները ԵԱՀԿ ՄԽ-ի գործընթացի մի մասն էր, որը տարիների ընթացքում քննարկվել է: Կարեւոր է, որ վերադառնանք գործընթացին եւ տեսնենք, թե ինչպես կարող ենք աջակցել հակամարտության ավարտին»:

ԱՄՆ պաշտոնյան նշել է, որ սահմանազատման հարցում կարող են աջակցել տեխնիկական փորձաքննության առումով, տեսանկարահանումներ կատարել, աշխատել համանախագահների կամ այլոց հետ.

«Կցանկանայինք, որ կողմերը ետ քաշվեն մայիսի 11-ի դիրքեր, որպեսզի հակամարտությունը հնարավոր լինի ամբողջությամբ լուծել»:

Խոսելով Արցախի կարգավիճակի հարցից՝ նա նշել է. «ԱՄՆ-ը աջակցում է ԵԱՀԿ ՄԽ գործընթացին եւ վստահ է, որ խմբի մանդատը տակավին չափազանց կենսունակ է: Պետք է վերադառնալ այդ գործընթացին եւ վերակենդանացնել այն»:

Ֆիլիպ Ռիքերը նաեւ նշել է, որ 44-օրյա պատերազմի հետեւանքով գերեվարված, ձերբակալված բոլոր անձինք պետք է ազատ արձակվեն:

«Բաքվում էլ հստակորեն արտահայտել ենք այն նույն կետերը, որոնք առկա են մեր հրապարակային հայտարարություններում՝ անհրաժեշտ է ազատ արձակել ձերբակալված անձանց՝ առաջ շարժվելու, հակամարտության բոլոր ասպեկտներին անդրադառնալու եւ հանգուցալուծման հանգելու համար», – ասել է նա:

Աղբյուրը՝ Mediamax.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում