Իսրայելի նոր վարչապետ է դարձել Նավթալի Բենեթը

Իսրայելի նոր վարչապետ է դարձել Նավթալի Բենեթը

Կիրակի Իսրայելի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հաստատել է կոալիցիոն կառավարության նոր կազմը՝ վերջ դնելով Բենյամին Նեթանյահուի 12-ամյա կառավարմանը։ Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը:

Հաջորդ կառավարությունը կգլխավորի պաշտպանության նախկին նախարար, «Յամինա» կուսակցության առաջնորդ Նավթալի Բենեթը, որը նախօրեին Քնեսեթում (Իսրայելի խորհրդարանը) տեղի ունեցած արարողության ժամանակ երդում է տվել որպես Իսրայելի 13-րդ վարչապետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ես՝ Նավթալի Բենեթս, որպես վարչապետ պարտավորվում եմ հավատարիմ մնալ Իսրայելին և երկրի օրենքներին, հավատարմորեն կատարել վարչապետի պարտականությունները և Քնեսեթի որոշումները»,- Քնեսեթի ամբիոնից ասել է Բենեթը։

Նոր կաբինետը ձևավորվել է «Յեշ աթիդ» կուսակցության ղեկավար Յաիր Լապիդի հետ կոալիցիայում։ Կողմերի պայմանավորվածության համաձայն՝ Բենեթը վարչապետ կլինի առաջիկա երկու տարիներին, ապա այդ պաշտոնը Լապիդին կզիջի երկու տարով՝ մինչև նոր խորհրդարանական ընտրությունները:

Իսրայելի 36-րդ կառավարությունում պաշտպանության նախարարությունը կգլխավորի Բենի Գանցը, որն այդ գերատեսչությունը ղեկավարում էր նաև Բենյամին Նեթանյահուի օրոք, արտաքին գործերի նախարարությունը կղեկավարի Յաիր Լապիդը, իսկ ՆԳՆ-ն՝ Բենեթի զինակից Այելետ Շաքեդը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում