Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ կոնգրեսականներին ներկայացնում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտությունը

ԱՄՆ Արևելյան շրջանի Հայ դատի հանձնախումբը շարունակում է ակտիվ աշխատանքը Կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը ճանաչող 227-րդ բանաձևի ընդունման ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Ասպարեզ» պարբերականը, նախքան ԱՄՆ Կոնգրեսը սեպտեմբերին կվերսկսի իր աշխատանքները, ԱՄՆ Հայ դատի ակտիվիստները հանդիպումներ են ունենում իրենց ներկայացուցիչների և սենատրների հետ’ ձգտելով ընդլայնել «Հայոց ցեղասպանության ճշմարտության եւ արդարության մասին» բանաձևին սատարող պաշտոնյաների թիվը Սենատում և Ներակայացուցիչների պալատում: «Անգամ, եթե կոնգրեսականը չի ցանկանում շտապել մեր խնդիրների հարցում, մենք նրան տեղյակ ենք պահում, որ ընտրողներն անհանգստացած են արդարության հաստատման հարցում»,- նշել է Հայ դատի ակտիվիստներից Էնդրյու Կզիրյանը:

Օգոստոսի 13-ին ԱՄՆ Արևելյան շրջանի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Միշել Հակոբյանը հանդիպել է Նյու Ջերսիից ընտրված հանրապետական Ջոն Ռանյանի հետ: Իսկ օգոստոսի 14-ին հայ ակտիվիստները հադիպում են ունեցել կոնգրեսական Պատրիկ Միհանի հետ և քննարկել Հայոց ցեղասպանությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշմանը և Հայաստանի դեմ ուղղված ադրբեջանական ագրեսիային վերաբերող հարցեր:

Միրսսուրիի Հայ դատի հանձնախմբի նորաբաց գրասենյակը նույնպես իր ներդրումն է ունեցել’ համագործակցային կապեր հաստատելով Ներկայացուցիչների պալատի անդամ Էն Վագների հետ:

ԱՄՆ Կոնգրեսը ներկայում արձակուրդում է, և աշխատանքը կվերսկսի սեպտեմբերի 9-ից: Հայ դատի հանձնախումբը նախատեսում է մինչև արձակուրդի ավարտը հանդիպումներ կազմակերպել նաև ԱՄՆ սենատորների հետ: «Հայոց ցեղասպանության ճշմարտության եւ արդարության մասին» բանաձևին աջակցող պաշտոնյաներին են միացել արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բարձրաստիճան անդամ Էլիոթ Էնգելը, հատկացումների հանձնաժողովի անդամ Նիթա Լուին, բյուջետային հարցերով ենթահանձնաժողովի անդամ Քրիս Վան Հոուլին և էներգետիկայի ու առևտրի հանձնաժողովի անդամ Հների Վաքսմանը: Բանաձևը սատարող կոգրեսականների թվում են ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաներ Էլիոթ Էնգելը, Սքոթ Գարեթը, Ռաշ Հոլթը, Սթիվ Իզրայելը, Նիթա Լոուին, Գրեյս Նափոլիթանոն, Դևին Նյունեսը, Էլիոսն Շվարցը, Բրեդ Շերմանը, Քրիս Վան Հոուլենը, Հենրի Վաքսմանը, Ջոն Թիերնին, Ջենիս Չայկովսկին:

Այն 2013 թվականի մայիսին Ներկայացուցիչների պալատ են ներկայացրել կոնգրեսականներ Դեյվիդ Վալադոն (հանրապետական’ ընտրված Կալիֆոռնիայից), Ադամ Շիֆը (դեմոկրատ’ ընտրված Կալիֆոռնիայից), Մայքլ Գրիմը (հանրապետական’ ընտրված Նյու Յորքից) և Ֆրանկ Փալոնեն (դեմոկրատ’ ընտրված Նյու Ջերսիից):

Բանաձևում կոչ է արվում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային Հայոց ցեղասպանությունը ճանաչող արձանագրություն կազմել: Նշվում է, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման առանցքում պետք է լինեն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դրա հետևանքների փոխհատուցումը, միջազգային մակարդակով հանցագործությանն արդարացի եւ համապարփակ լուծում տալը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում