AM | RU
USD
EUR
RUB

Վանեցյանի հարցազրույցը ուկրաինական «Страна»-ին

 

«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը հարցազրույցը է տվել ուկրաինական «Страна» հեղինակավոր լրատվամիջոցին, որը թարգմանաբար Tert.am-ը ներկայացնում է ստորև։

-Փաշինյանն իշխանության եկավ հայերի՝ փոփոխությունների ձգտման ալիքի վրա։ Եթե համեմատենք իրավիճակը պատերազմից առաջ եվ հետո, ապա ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան Հայաստանում՝ կոռուպցիայի, կյանքի մակարդակի եվ տնտեսական զարգացման առումով։

-Փաշինյանն, իրոք, եկավ փոփոխության սպասումների ալիքով՝ արդարության խոստումներով։ Բայց պետք է տարբերակենք փոփոխությունների մասին պոպուլիստական հայտարարությունները և իրական փոփոխությունները։ Ինչպես ասում են, դժոխքի ճանապարհը պատված է բարի մտադրություններով։ Ցավոք, ունենք հենց այդ դեպքը։ Սպեկուլյատիվ հայտարարություններում խեղդվեց պայքարը հանցագործությունների, կոռուպցիայի դեմ։ Ավելին, քաղաքական կոռուպցիան երկրում հասել է աննախադեպ չափերի՝ ընդգրկելով տեղայնականությունը, խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը, միլիոնների հասնող անհիմն պարգևավճարները պետծառայողներին, խորհրդարանականներին` քաղաքական հավատարմության դիմաց, անհատական նվիրվածության սկզբունքով պետական բարձր պաշտոնների նշանակումը և այլն։ Ցանկը կարելի է երկար շարունակել։

Բացի իշխանությանը մոտ շրջանակից, որևէ մեկն իր կյանքը չբարելավեց։ Գների և աղքատության աճ, գործազրկություն, տնտեսության փլուզում, շանտաժ և ճնշում դատական համակարգի վրա, այլախոհության դեմ իրավապահ համակարգի օգտագործում, ծայրահեղ ոչ կոմպետենտություն բոլոր ոլորտներում։ Այս շարքը ևս կարելի է շատ երկար շարունակել։

Միաժամանակ, առերեսվում ենք ժողովրդավարության մակարդակի անկման, մարդու իրավունքների համատարած խախտումների, խոսքի ազատության նկատմամբ ճնշումների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների, առաջատար մեդիա մենեջերների վրա հարձակումների և իշխանության տարանջատման սկզբունքի համընդհանուր տապալման հետ, ինչը համակարգվում է ամենաբարձր մակարդակով։ Եվ այս ամենն իրականացվում է Փաշինյանի միակ բանաձևով, այն է՝ «պետությունը ես եմ»։ Այս և այլ երևույթները, որոնք ոչ մի աղերս չունեն 2018 թվականին լավ կյանքի, արդարության համար փողոց դուրս եկած մարդկանց երազանքների հետ, հասարակության մեջ «նիկոլիզմ» անվանումն են ստացել։ Այս եզրույթը ծագել է Նիկոլ անունից։ «Նիկոլիզմը» կամ ինչպես համավարակից հետո են ՀՀ-ում կոչում՝ «նիկոլավիրուսը», ինքնատիպ մուտացիայի ենթարկված պոպուլիզմի մի ձև է, որը պատերազմի, ավերածությունների և անկման է հանգեցրել երկիրն ու հասարակությունը։

Կարճ ասած՝ Փաշինյանի և ոչ մի խոստում չի կատարվել, իսկ քաղաքացիները խաբվել են։ Եվ նրանց ճնշող մեծամասնությունը դա գիտակցում է։

-Ձեր կարծիքով ինչո՞ւ պարտություն կրեցիք Ղարաբաղյան պատերազմում։ Որո՞նք են հիմնական պատճառները։

-Պատճառները բազմաթիվ են։ Բանն այն է, որ Փաշինյանին հաջողվեց երկու-երեք տարվա ընթացքում ոչ միայն խարխլել պետական ինստիտուտները, այլ նաև քանդել Հայաստանի արտաքին քաղաքականությունը և փչացնել հարաբերությունները առանց բացառության բոլոր գործընկերների հետ։ Հզոր հարված է հասցվել Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի Հանրապետության սուբյեկտայնությանը։ Այդ ֆոնի վրա չունենալով որևէ իրատեսական ռազմավարություն բանակցային գործընթացի վերաբերյալ, չունենալով և չձևավորելով պատկերացում դրա մասին՝ Փաշինյանը իրարամերժ և հակասական հայտարարություններով քաոսի վերածեց ողջ բանակցային գործընթացը, ինչը բերեց բոլոր նախորդ ձեռքբերումների ոչնչացմանը։

Միաժամանակ, իր քաղաքական ուժի կողմից բանակի և վաստակաշատ գեներալների նկատմամբ նպատակաուղղված արշավ էր իրականացվում։ Պաշտպանության ոլորտում վարվում էր տարերային կադրային քաղաքականություն, տեղի էր ունենում գերակայությունների փոխարինում, անհասկանալի տրամաբանությամբ սպառազինությունների ձեռքբերման պլանների փոփոխություն։ Վերոնշյալը զուգակցվում էր արտաքին քաղաքականության մեջ վստահության մակարդակի անկմամբ և գործընկերային հարաբերությունների փլուզմամբ, ինչպես նաև ներքին պետական ինստիտուտների կազմաքանդմամբ։

Այս իրավիճակում Ադրբեջանը, ինչպես ասում են, որսաց պահը, երբ Հայաստանը և Արցախը հայտնվեցին մի իրավիճակում, որ կարելի էր պատերազմ հրահրել՝ որոշակի հաջողության հույսով։ Կարծում եմ՝ պատահական չէ, որ այսօր, խոսելով Ղարաբաղում պատերազմի արդյունքների մասին, հաճախ է հնչում «նախապատրաստված պարտություն» ձևակերպումը։ Դա եղավ հիմարությա՞ն արդյունքում, թե՞ կանխամտածված, ցույց կտա հատուկ քննությունը, որն, անխոս, սկիզբ կառնի իշխանափոխությունից հետո։ Ընդ որում, այդ պարտությունը շարունակվում է մինչ օրս։

Պատերազմը և պարտությունը, ինքնին, արդյունք են «կազմակերպված անկազմակերպության»։ Բանակային ստորաբաժանումները, թիկունքը, մոբիլիզացիան, բոլոր գործընթացներն ու միջոցառումները, որոնք անհրաժեշտ էին պատերազմի ժամանակ, ինչպես հարկն է, պատշաճ կազմակերպված չէին։ Կարծում եմ՝ հետաքննությունը կբացահայտի դրա պատճառները, և ամեն բան իր տեղը կընկնի՝ արդյո՞ք դրանք կանխամտածված գործողություններ էին, թե՞ անգործություն, կամ ապիկարության և ոչ կոմպետենտության հետևանք։

Փաստն այն է, որ պատերազմն ու կորուստները համատարած անկազմակերպության արդյունք են։ Այս ամենի համար մեղավոր և պատասխանատու է միայն գործող իշխանությունը՝ ի դեմս Փաշինյանի։

-Ինչպե՞ս եք Դուք տեսնում Ղարաբաղյան հակամարտության հետագա զարգացումը, ի՞նչ հեռանկարներ կան։

-Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ։ Այն կարելի է լուծված համարել միայն այն ժամանակ, երբ երաշխավորված կլինի այդ տարածքում ապրող արցախցիների իրավունքների իրականացումը և արժանապատիվ կյանքի իրավունքը։ Իրականության մեջ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ հրահրեց և սանձազերծեց պատերազմ՝ խախտելով ինչպես Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական դրույթները, այնպես էլ միջազգային միջնորդների կողմից հաստատված երկու ամենակարևոր սկզբունքները՝ ուժի չկիրառման սկզբունքը և ազգերի ինքնորոշման իրավունքը։

Սանձազերծված պատերազմը, ինչպես հայտնի է, պարունակում էր ահաբեկչական բաղադրիչ, քանի որ Ադրբեջանի խնդրանքով Թուրքիայի կողմից ռազմական գործողություններում ներգրավված էին մեծ թվով իսլամիստ ահաբեկիչներ Մերձավոր Արևելքից։ Դա միանշանակ արձանագրված էր ոչ միայն հայկական կողմից, այլ նաև այդ մասին ուղիղ հայտարարում էին ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրները, ԵԱՀԿ Մինսկի համանախագահները՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ն և ՌԴ-ն։

Առաջին պլան է մղվում Ադրբեջանի պատասխանատվության հարցը պատերազմի սանձազերծման համար, որը հազարավոր զոհերի և ավերածությունների պատճառ դարձավ։ Ինչպես հայտնի է, ռազմական գործողությունները կանգնեցվել էին եռակողմ հայտարարության ուժով՝ Ռուսաստանի միջնորդությամբ, որն անգնահատելի դեր խաղաց պատերազմը դադարեցնելու հարցում։ Սակայն վերոնշյալ հայտարարությունը հրադադարի մասին է, այլ ոչ թե քաղաքական կարգավորման։ Ուզում եմ հատուկ նշել, որ քաղաքական կարգավորման հարցը ներկայումս բաց է։ Եվ այն պիտի պարունակի պատասխանատվություն պատերազմը սանձազերծելու համար՝ հաշվի առնելով, որ Արցախի բնակչությունը հերթական անգամ հայտնվել է ֆիզիկական ոչնչացման վտանգի տակ։ Ուստի Արցախը ոչ մի կերպ չի կարող լինել Ադրբեջանի կազմում։

-Ղարաբաղյան պատերազմը հաշվի առնելով՝ ինչպիսի՞ եզրակացություններ խորհուրդ կտայիք անել Ուկրաինային՝ հաշվի առնելով, որ մենք էլ ունենք անավարտ հակամարտություն Դոնբասում։

-Խորհուրդ չեմ տա։ Ուղղակի կհիշեցնեմ հայտնի ճշմարտություն՝ ցանկացած բանակցություն ավելի օգտակար է, իմաստավորված և արժեքավոր, քան դրա բացակայությունը և ինչպես հետևանք՝ ռազմական գործողությունները։

Եվ սա ոչ թե տեսական մտորում է, այլ ծայրաստիճան պրագմատիկ մոտեցում, ընդ որում՝ շատ կարևոր է, որ ոչ մի կողմին չթվա, թե հակամարտությունը կարելի է լուծել հակառակորդին ոչնչացնելով կամ ապահովելով միակողմանի, ամբողջական և վերջնական հաղթանակ։ Որպես կանոն՝ պատերազմները չեն նպաստում հակամարտությունների լուծմանը, պատերազմները միայն հանգեցնում են ողբերգությունների, ցավի, կորուստների և նյութական վնասների, բայց դրանք չեն լուծում հիմնական խնդիրը՝ հակամարտությունը։ Այն պետք է կարգավորել երկխոսության և բանակցությունների միջոցով։ Ընդ որում, ցանկալի է, որ երկխոսության մասնակից դառնան հակամարտող կողմերը։ Ինչպես պատմությունն է վկայում, ուղիղ երկխոսությունն ամենաարդյունավետ ճանապարհն է։

Գործնականում ցանկացած հակամարտություն կարող է կարգավորվել, եթե կա հարգանք կողմերի դիրքորոշումների նկատմամբ և այնպիսի լուծումների որոնում, որը միաժամանակ հաղթող կդարձնի բոլոր կողմերին։ Շատ կարևոր է գիտակցել, որ որևէ աշխարհաքաղաքական բախում և թեժացում չի կարող լուծել մեր ժողովուրդների, մեր հասարակության և քաղաքացիների խնդիրները։ Առաջնահերթություն պետք է լինի հենց ինքը՝ մարդը, անկախ նրանից, թե սահմանի որ կողմում է գտնվում։ Կարող եմ միայն ցանկանալ երկարատև և արդար խաղաղութուն բոլորին և հատկապես գործընկեր պետություններին, որտեղ կան մարդիկ, որոնք տառապում են հակամարտությունների հետևանքով, և որտեղ այդ հակամարտությունները դեռ վերջնականապես լուծված չեն։

-Փաշինյանին Ուկրաինայում հաճախ համեմատում են Զելենսկու հետ, որքանո՞վ են տեղին այդ համեմատությունները։

-Ես անձամբ, առավել ևս մոտից ծանոթ չեմ Ուկրաինայի նախագահին։ Եվ չէի ցանկանա անդրադառնալ այդ հարցին քաղաքական տեսանկյունից, ինչպես նաև տարբեր քաղաքագիտական, տեսական և գործնական հիմնավորումների առումով։ Ես կանդրադառնամ մարդկային կողմին։ Ցանկանում եմ, որ Ուկրաինայի ժողովուրդը Փաշինյանի հետ որևէ զուգահեռ անցկացնելու առիթ չունենա, քանի որ ես անձամբ շատ լավ ճանաչում եմ նրան։ Հնարավոր է, որ որոշակի առումով նրանք եկան իշխանության նույնանման միջավայրում, քանի որ երկուսն էլ եկան հասարակական սպասումների, նախկին իշխանությունից դժգոհության և արդարության սպասումների ալիքով։ Սակայն, իբրև քաղաքական գործիչներ, ներկա պահին նրանց միջև չկա և ոչ մի հատման կետ, քանի որ Փաշինյանի դեպքում գործ ունենք մարդու հետ, որը դավաճանեց Հայաստանի ազգային շահերը, և նրան չի կարելի համեմատել որևէ այլ քաղաքական գործչի հետ։

-Որքա՞ն է Սորոսի ազդեցությունը Փաշինյանի քաղաքականության եվ Հայաստանում իրավիճակի վրա։

-Այժմ դժվար է այն գնահատել։ Սակայն մենք հասկանում ենք, որ «Սորոս» համընդհանուր հասկացությունն օգտագործվում է նաև պայմանականորեն՝ նկատի ունենալով բոլոր այն ազդեցության խմբերը, որոնք այս կամ այն երկրում և հասարակության մեջ գործունեություն են իրականացնում հասկանալի նպատակների և թիրախների իմաստով։ Այդ ցանցերի գործունեությունը՝ «քաղաքացիական ակտիվիզմ» լեգենդի ներքո, երկար տարիների ընթացքում ձևախեղել է հասարակական գիտակցությունը և լուրջ ազդեցություն է թողել ինչպես Հայաստանի հասարակական տրամադրությունների, այնպես էլ փաշինյանական կառավարության բոլոր որոշումների վրա, որոնք, ի վերջո, փլուզեցին պետության հիմքերը, սոցիալական էթիկան և ազգային արժեքները, ինչի հետևանքը եղավ պատերազմում պարտությունը։

Այսինքն՝ տեղի է ունեցել ոչ թե իրավիճակային ներգործություն, այլ Հայաստանում երկար տարիների ընթացքում ձևավորվել էին ցանցեր, ազդեցության խմբեր և քաղաքացիների սպասումներ, որոնք հանգեցրել են հայտնի ողբերգական ելքին։ Ակնհայտ է, որ 2018 թվականին հայ հասարակության մի զգալի հատված, ինչպես պարզվեց, խաբված էր՝ չգիտակցելով, չհասկանալով, չխորանալով՝ ում և ինչ արժանիքների համար է բերում իշխանության։ Սա էլ է վերոնշյալ ազդեցության հետևանք։ Կրկնեմ՝ ազդեցության, որը գործադրվում էր երկար տարիների ընթացքում։ Եվ օրգանական կապն այստեղ ակնհայտ է, այն մինչև օրս էլ գոյություն ունի։

-Դուք գլխավորում էինք Հայաստանի պետական անվտանգության կառույցը՝ Փաշինյանի կառավարման առաջին տարվա ընթացքում, հետագայում հրաժարական տվեցիք։ Ի՞նչը Ձեզ դրդեց լքել պաշտոնը, եվ ինչո՞ւմ էին Ձեր հակասությունները Փաշինյանի հետ։

-Նախևառաջ, դա ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարականի իմ առաջին դիմումը չէր։ Հասկանալի պատճառներով այն ժամանակ՝ 2019 թվականի սեպտեմբերին, դա առավելագույնն էր, ինչ ես կարող էի անել՝ կանգնեցնելու իշխանությունը զավթած պոպուլիստին և նրա ոչ կոմպետենտ, տարատեսակ ազդեցությունների տակ ընկնող թիմին։

Իմ հայտարարության մեջ ասված էր․ «Թող իմ հրաժարականը սթափեցնող քայլ դառնա։ Կա՛նգ առ։ Բոլոր այլ դեպքերում կհաղթի պարտքը հայրենիքի նկատմամբ։ Խաղաղություն և անվտանգություն մեր երկրին»։

Տարերային որոշումները, գործողություններում անվստահությունը, առաջնահերթն ու երկրորդականը տարբերակելու անկարողությունը և Փաշինյանի քաղաքականության այլ սկզբունքները ոչ մի ընդհանրություն չունեն սպայի պատվի ու արժանապատվության հետ։

Իմ հրաժարականին նախորդել են հարյուրավոր օրերի աշխատանք և պարզաբանումներ, սակայն Նիկոլը ոչինչ չէր լսում կամ չէր ուզում լսել, չէր հասկանում կամ չէր ցանկանում հասկանալ։ Ժամանակի ընթացքում նա սկսեց ավելի շատ ստել, խորամանկել, պայմանավորվածություններին և էթիկային չհետևել, ընկնել վերնագրերի, իրավիճակային լուծումների և միանգամյա արդյունքների հետևից՝ առանց մտածելու երկրի և ժողովրդի համար դրանց հետևանքների մասին։ Անկեղծ ասած՝ դեռ 2018 թվականին ես հուսով էի, որ պոպուլիստ Փաշինյանին հնարավոր է ուղղել, պետական և կառուցողական հունի մեջ դնել, բայց ժամանակի ընթացքում ակնհայտ դարձավ, որ այդ մարդն ի վիճակի չէ մի երկրի առաջնորդ լինել, որն ունի բազում խնդիրներ տնտեսության և անվտանգության ոլորտում։

Արդյո՞ք ես ունեի հատուկ կարծիք ինձ հասնող տեղեկատվության արդյունքում․ այո՛, ունեի։ Ես պարբերաբար հայտնում էի դրանք Փաշինյանին, մենք շփվում էինք բավականին հաճախ և սերտ, քանի որ ապրում էինք միմյանց հարևանությամբ։ Դա նրա մոտ հաճախ լարվածություն էր առաջացնում, և որպես վերջնարդյունք՝ նա ստացավ իմ հրաժարականի դիմումը, սակայն եզրահանգումներ չարեց։ Այդ իսկ պատճառով, ինչպես և խոստացել էի իմ հայտարարության մեջ, շարունակում եմ իմ պարտքը կատարել հայրենիքի առաջ, բայց արդեն «Հայրենիք» ընդդիմադիր քաղաքական ուժի առաջնորդի կարգավիճակում։

-Ինչպե՞ս կնկարագրեիք նախընտրական իրավիճակը Հայաստանում։ Ո՞ւմ միջև կընթանա հիմնական պայքարը։

-Համընդհանուր հարթության մեջ պայքարը գնում է Փաշինյանի, նրա թիմի և արբանյակների միջև մի կողմից, և բոլոր այն ուժերի, որոնք դեմ են ներկա իշխանության վերարտադրությանը, որոնց համար դա սկզբունքային և իրական հարց է։

Տեղային մակարդակում դա ներկայիս իշխանությունը և նրա «հաճախորդներն» են՝ Փաշինյանի ընդհանուր ղեկավարության ներքո, իսկ նրանց դեմ ելույթ են ունենում մի քանի միավորումներ, որոնք ունեն ակնհայտ և շոշափելի ներուժ և ի վիճակի են հիմնական պայքար մղել հաղթանակի համար։ Նրանց թվում, բնականաբար, այն ուժերն են, որոնք ես եմ ներկայացնում՝ «Պատիվ ունեմ» դաշինքը։ Ազդեցության և վստահության մեծ պաշար ունեն նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը և նրան սատարող քաղաքական ուժերը, ինչպես նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած քաղաքական ուժը։ Խորին հարգանք տածելով Փաշինյանի հետ չհամագործակցող մնացած ուժերի նկատմամբ՝ կարծում եմ, որ այդուհետ մենք գործ ունենք ըստ նվազման կարգի ազդեցության և հնարավորութունների հետ։

-Ինչպիսի՞ն են Փաշինյանի՝ իշխանության մնալու շանսերը, ինչպե՞ս եք դուք գնահատում Ձեր քաղաքական ուժի շանսերը։

-Իմ նշած երեք դաշինքները ամենաուժեղ խաղացողներն են քաղաքական դաշտում, և նրանք լավ շանսեր կունենան։ Իմ կարծիքով՝ Փաշինյանն իշխանության մնալու շանսեր չունի, դա ակնհայտ է բոլորի համար՝ նույնիսկ արդեն հենց իր՝ Փաշինյանի։ Նրան մերժում է հասարակության ճնշող մեծամասնությունը։ Մենք գիտակցում ենք, որ քաղաքական և բարոյական պատասխանատվությունից զուրկ Նիկոլը, այնուամենայնիվ, տիրապետում է որոշակի վարչական և ուժային լծակների։ Նա արդեն սպառնում է համայնքների ղեկավարներին, որոշակի գործողությունների է դրդում ուժայիններին և ծառայողներին՝ փորձելով բոլոր միջոցներով վերարտադրել իր իշխանությունը՝ կանգ չառնելով որևէ բանի առաջ։ Հետևաբար, մեր խնդիրն է, որ պաշտպանենք քաղաքացիների ձայնը և նրանց կամարտահայտման իրավունքը։ Ես ինքս աշխատում եմ իմ ներկայացրած ուժի հաղթանակի համար։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի դաշինքին, կարծում եմ, որ այն ծանրակշիռ ներկայություն կունենա խորհրդարանում։

-Ինչպիսի՞ն է Արևմուտքի եվ Ռուսաստանի դերն այս ընտրություններում։ Ո՞ւմ են նրանք սատարում։

-Բոլորս քաջ գիտակցում ենք, որ ցանկացած արտաքին դերակատար առանձին և տարբերակված կերպով ունի իր հետաքրքրությունները, որոնց համաձայն էլ իրականացնում է որոշակի քայլեր։ Մի բան կարող եմ հստակորեն ասել՝ իրեն հարգող և ոչ մի ուժ չի սատարի Փաշինյանին՝ նույնիսկ իր սեփական շահերից ելնելով։ Հայաստանի ժողովուրդն է այժմ որոշում ընդունում, և աշխարհը պետք է ընդունի այդ որոշման արդյունքները։

-Ընդհանուր առմամբ, ինչի՞ վրա կազդի Հայաստանում անցկացվող ընտրությունների արդյունքը։ Ինչպե՞ս այն կարող է փոխել երկրի քաղաքականությունը, հարաբերությունները հարեվանների հետ, եվ ինչպե՞ս կազդի Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա։

-Ընտրությունները և դրանց արդյունքները կազդեն առանց բացառության ամեն ինչի վրա՝ սկսած կենսապահովման անվտանգությունից, վերջացրած սոցիալ-տնտեսական իրավիճակով և բարեկեցությամբ։ Փաշինյանին հեռացնելով իշխանությունից՝ Հայաստանը կվերականգնի պետականությունը և առաջին հերթին հասարակական համերաշխությունը։ Ինչ վերաբերում է հարևանների և աշխարհի հանդեպ մեր քաղաքականությանը, ապա ընտրությունների արդյունքում ներկա իշխանության հեռացմամբ Հայաստանը պետք է վերականգնի արժանապատվությունը, իմիջը, կանգնեցնի անվերջ պարտությունները և ռացիոնալ ու կանխատեսելի գործընկերոջ դերում զարգացնի հարաբերությունները արտաքին աշխարհի հետ։ Ընդ որում, երբեք չի կարելի անել այն, ինչ անում են այս իշխանությունները՝ փորձելով դիվիդենտներ քաղել տարբեր աշխարհաքաղաքական ուժերի հետաքրքրությունների բախման հաշվին։ Հակառակը՝ հարկավոր է անել ամեն հնարավորը՝ մեր արտաքին քաղաքականությունը և գործընկերությունը կառուցելու այնպես, որ դրանք հիմնված լինեն փոխադարձ վստահության և ուժային կենտրոնների հետաքրքրությունների համընկնման կետերում։

Ինչ վերաբերում է նրան, թե ընտրությունների արդյունքն ինչպես կազդի Ղարաբաղյան հակամարտության վրա, կրկնեմ՝ առաջինը մենք կհեռացնենք այս ապիկարներին, ստախոսներին և կապիտուլյանտներին, կվերականգնենք մեր ոգին, կուղղենք մեր մեջքը և խաղաղ գործընթացների միջոցով կհասնենք Ղարաբաղյան խնդրի իրական քաղաքական հանգուցալուծմանը՝ հաստատելով երկարատև և կայուն խաղաղություն տարածաշրջանում։ Այո՛, մենք պետք է ուղղենք մեր մեջքը, իսկ դրա համար հարկավոր է առանց ձեռքերը ծալելու քրտնաջան աշխատել բոլոր ոլորտներում, որոնցում աղետալի իրավիճակ է։ Միայն այդ դեպքում մենք շոշափելի արդյունքների կհասնենք Հայաստանի բարեկեցության ճանապարհին։

Լրահոս
Բանակի հրամանատարությունը Սեյրան Օհանյանի նկատառումներն արժանացրեց անպարկեշտ պատասխանի Հայրենիքիս սահմանները պաշտպանում եմ 2 որդիներիս հետ, ծառայելը պատիվ է Տանկիստ Դավիթն իր մի քանի ընկերների հետ զոհվեց դավաճանության, հանցագործության հետևանքով Կորոնավիրուսի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում է 222 մարդ, սարքերին է միացված 89 պացիենտ «ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի» գործի լսումները միջազգային դատարանում ավարտվել են Արցախի և Հայաստանի ընդդիմադիր խմբակցությունները խորացնում են համագործակցությունը Դալար գյուղում 30-ամյա երիտասարդի սպանությունից հետո հրկիզել են սպանողի տունը ՀՔԾ-ն թույլ չի տվել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին մեկնել Ռուսաստան Կեղծ խաղաղասիրություն քարոզողները նոր զիջումներ են պատրաստվում կատարել Կապանում Ջերմաստիճանը 4-6 աստիճանով կնվազի․ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ ՊԲ-ն հերքում է, Արթուր Դանիելյանը՝ նոր փաստ հրապարակում Ադրբեջանցիներն արգելափակել են Արցախի 5-րդ ՊՇ մի խումբ հայ զինվորների Փրկել. նկարը՝ կախողից, տիրոջը՝ նկարից, պետությունը՝ նրանց բոլորից. Վահե Հովհաննիսյան Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը Շոյգուի հետ կքննարկի տարածաշրջանային զարգացումները Մարմնամարզիկ Վահագն Դավթյանին Տոկիոյում մեկուսացրել են. Ֆեդերացիան պնդում է՝ սխալ է թեստի արդյունքը Մի քանի տասնյակ մարդ է զոհվել Աֆղանստանի շիական մզկիթներից մեկում պայթյունի հետևանքով Բաքվի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել Հայաստանի ինը համայնքներում վաղը ՏԻՄ ընտրություններ են. այսօր լռության օր է ԳՇ պետին 2 օր եմ տալիս, որպեսզի արձագանքի գրությանս. խորհուրդ եմ տալիս ինձ հունից չհանել Ամեն ինչ կորած չէ, շատ բան կարելի է վերականգնել. Վարդան Օսկանյան Զգուշացեք սատանայի թանկարժեք ծուղակներից. Իրանը սուր արձագանք է տվել Ալիևին Վիրավոր զինվորների ապաքինումն ընթանում է առանց բարդությունների Արցախա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը կայուն է եղել. Արցախի նախագահի խոսնակ Թշնամին, երբ ցանկանա, սադրելու է՝ թույլ չտալով, որ խաղաղություն լինի. Թևան Պողոսյան Բաքուն կստանա համապատասխան արձագանքը. Իրանի ԱԳՆ խոսնակ Միակողմանի խաղաղասիրական կոչերը չեն նպաստում արժանապատիվ խաղաղություն ձևավորելուն Առաջիկա 4 տարիներին կրկնապատկելու ենք մեր ջանքերը,որպեսզի կառուցենք մեր երազանքների Գորիսը Իշխան Սաղաթելյանը ընդունել է Արցախի խորհրդարանի երեք խմբակցությունների ղեկավարներին Դավիթ Տոնոյանը ազատ չի արձակվի. վերաքննիչ դատարանը հրապարակեց որոշումը Վարչապետը չունի վերադաս մարմին, որը վերջինիս կազատի պաշտոնից Ադրբեջանցիները կրակել են Երասխ գյուղի վրա․ այրվել է բնակչի անասնագոմն ու խոտի դեզը․ ՊՆ Պուտինն անձամբ որոշիչ դեր խաղաց 44-օրյա պատերազմն ավարտելու հարցում․ Փաշինյան Արցախում վիրահատված զինվորներից մեկը կտեղափոխվի Երևան Ադրբեջանի քաղաքականությունը ահաբեկչություն է, նման քայլերով Արցախին չեն վախեցնելու Ջերմաստիճանը հոկտեմբերի 18-19-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով Հայաստանը սրընթաց ստվերայնացվում է․ Վահե Հովհաննիսյան «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները ԱՄՆ դեսպանի հետ քննարկել են հայ ռազմագերիների վերադարձի հարցը ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները Եվրոպայում գազի գինը գերազանցել Է հազար խմ դիմաց 1250 դոլարը Հարձակումներ են եղել նաև Արցախի մի շարք այլ բնակավայրերի ուղղությամբ. Թաթոյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan