Մարութա սարի Սուրբ Աստվածածին եկեղեցին կվերանորոգվի

Սասունի հայերի միության նախագահ Ազիզ Դաղջըն հայտարարել է, որ Մարութա սարի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին վերանորոգելու թույլտվություն ստանալու համար դիմել են թուրքական կառավարությանն ու տեղի իշխանություններին: Թույլտվությունը ստանալուց հետո միության հիմնադրամի միջոցներով փորձելու են եկեղեցին նախկին տեսքի բերել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական batmancagdas.com լրատվական կայքը: Դաղջըի խոսքով’ 9-րդ դարում կառուցված հայկական պատմական սրբավայրերից մեկի’ Մարութա լեռան 2973 մ բարձրության վրա գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մեկ ամսում:

Եկեղեցու մի հատվածը անհայտ անձանց կողմից ավերվել էր անցյալ տարի: Դաղջըն մի խումբ ճարտարապետների հետ օրերս բարձրաձել էր Մարութա լեռ:

«Մարութա լեռան Սուրբ Աստվածածին եկեղեցին շատ կարեւոր է սասունցիների համար: Վերանորոգման աշխատանքներն ավարտելուց հետո այնտեղ պատարագ կմատուցվի», -ասել է Սասունի հայերի միության նախագահը եւ հավելել, որ եթե կարողանան վերանորոգել նաեւ դեպի եկեղեցի տանող ճանապարհը, ապա հաջորդ տարվա հուլիսին հարյուրավոր զբոսաշրջիկներ կայցելեն Սասուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում