Ի՞նչ ազդանշան է Էրդողանի այցն Ադրբեջան և Շուշի

Ի՞նչ ազդանշան է Էրդողանի այցն Ադրբեջան և Շուշի

Ռուսական kommersant.ru պարբերականի թղթակից Սերգեյ Ստրոկանը ծավալուն վերլուծական հոդվածով անդրադարձել է Արցախյան երկրորդ պատերազմից հետո տարածաշրջանային իրավիճակին, թուրք-ադրբեջանական հարաբերություններին և հարակից այլ հարցերի: Գրում է Tert.am-ը:

Ստորև որոշակի կրճատումներով ներկայացնում ենք հեղինակի հոդվածը.

«Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցն Ադրբեջան, որը տեղի է ունենում Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ և Ժնևում ռուս-ամերիկյան գագաթնաժողովի նախօրեին, պետք է ներկայացնի Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Հարավային Կովկասում ի հայտ եկած նոր իրողությունը և Բաքվի վերահսկողության տակ անցած զգալի տարածքները, այդ թվում՝ Ֆիզուլի (Վարանդա) և Շուշի քաղաքները:

«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո մենք կուղևորվենք Ադրբեջան, նախ՝ Ֆիզուլի քաղաք: Դրանից հետո, եղբորս՝ (Ադբեջանի նախագահ,-խմբ.) Իլհամ Ալիևի հետ, կուղևորվենք Շուշա, որտեղ մենք լայնամասշտաբ համաձայնագիր կստորագրենք Թուրքիայի և Ադրբեջանի միջև»,- նախորդ շաբաթ ասել էր Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Շատ խորհրդանշական է, որ նախագահ Էրդողանի այցից առաջ Բաքվում անցկացվել է բարձր մակարդակի թուրք-ադրեջանական ռազմական երկխոսության մասնակիցների հանդիպում: Հիմնական խնդիրն անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությունն է եղել:

Ավելի վաղ նախագահ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը մտադիր է ստեղծել աշխարհում ամենաուժեղներից մեկը և ՆԱՏՕ-ում երկրորդ ամենաուժեղը համարվող «թուրքական բանակի փոքրացված մոդել»: Անկարան ու Բաքուն նույնպես պարբերաբար համատեղ զորավարժություններ են իրականացնում՝ դիվերսիոն խմբերի ոչնչացման և հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու հմտությունների կիրառմամբ:

Հաստատումն առ այն, որ Թուրքիայի նախագահի այցը վերածվում է քաղաքական ժեստի և ազդանշան է տարածաշրջանային բոլոր խաղացողների համար, երկու առաջնորդների միջև բանակցությունները «ազատագրված Շուշա»-ում՝ Լեռնային Ղարաբաղի մեծությամբ երկրորդ քաղաքում վարելու որոշումն էր:

Շուշիի կորուստը, որտեղ նախկինում ցուցադրական ուղևորություններ էր կատարում Նիկոլ Փաշինյանը, մնում է անսովոր ցավոտ թեմա ինչպես հայ հասարակության, այնպես էլ քաղաքական գործիչների համար, որոնք վճռական պայքար են մղում այս օրերին իշխանության հասնելու համար:

Մինչ ընդդիմությունը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին Շուշին հանձնելու համար, վերջինս հակադարձել է Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանին: Խոսելով ընտրողների հետ՝ Նիկոլ Փաշինյանն ասել է.

«Օնիկ Գասպարյանը նույնպես պետք է պատասխան տա Շուշիի կորստի համար: Ոչ թե իմ դիմաց, այլ դատարանի առաջ: Ինչպե՞ս պատահեց, որ խումբը, որը պետք է օգներ Շուշիին, մեկուկես օր ուշացավ»:

Այս ֆոնին, տարածաշրջանում Թուրքիայի առաջնորդության նոր «հայտի» մեկ այլ հաստատում էր հունիսի սկզբին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ Անկարա կատարած պետական այցը:

«Թուրքիան Վրաստանը տեսնում է որպես տարածաշրջանային համագործակցության բանալի: Մենք հավատում ենք, որ կարող ենք միասին աշխատել մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար: Այս առումով շատ կարևոր է Ադրբեջանի հետ եռակողմ համագործակցությունը: Թուրքիան սատարում է ցանկացած եռակողմ համագործակցությանը՝ լինի դա Վրաստան-Ադրբեջան-Հայաստան կամ Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա», – Իրակլի Ղարիբաշվիլիի հետ բանակցություններից հետո ասել էր Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Թուրքիայի ղեկավարը նաև հայտարարել է, որ վճռական է հնարավորինս արագ անցկացնելու թուրք-վրացական ռազմավարական խորհրդի նիստ՝ քննարկելու երկկողմ և բազմակողմ տարածաշրջանային համագործակցության հարցերի լայն շրջանակ:

Իր հերթին, Վրաստանի վարչապետը հույս է հայտնել, որ երկու երկրները կկարողանան ավելի շատ համատեղ ծրագրեր իրականացնել և խորացնել համագործակցությունը: Բացի այդ, նա Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել է այցելել Թբիլիսի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում