Ըստ Էրդողանի, Մոսկվան չի խոչընդոտում «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը

Ըստ Էրդողանի, Մոսկվան չի խոչընդոտում «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծիք է հայտնել, որ Մոսկվան մտադրություն չունի խոչընդոտել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը:

«Մենք շատ կարեւոր ենք համարում Զանգեզուրի միջանցքի նախագիծը եւ աջակցում ենք դրան: Չեմ կարծում, որ Ռուսաստանն այս առումով կարող է որեւէ տարաձայնություն կամ իրականացումը հետաձգելու մտադրություն ունենալ: Ընդհակառակը, Ռուսաստանը շատ բարյացակամորեն է տրամադրված միջանցքի հարցում», – Էրդողանի այս խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով NTV հեռուստաալիքը:

«Կա մեկ ասպեկտ. այժմ մենք սահմանափակված ենք Ղարաբաղում զինադադար հայտարարելու հնգամյա ժամկետով: Եվ մենք կցանկանայինք այս նախագիծն իրականացնել այս հինգ տարվա ընթացքում», – ասել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը նշել է, որ առաջիկայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ինչպես նաեւ ինքը ծրագրում են հանդիպումներ ունենալ Վլադիմիր Պուտինի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում