Իրանն ու Վրաստանն ընդհանրապես գլուխ չեն հանում մեր վարած քաղաքականությունից. Սուրեն Սարգսյան

Իրանն ու Վրաստանն ընդհանրապես գլուխ չեն հանում մեր վարած քաղաքականությունից. Սուրեն Սարգսյան

Հուսամ շատ շուտով մենք կունենանք ռեալպոլիտիկից բխող պրագմատիկ արտաքին քաղաքականություն: Դրա այլընտրանքը վերջնական կործանումն է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Վերջին երեք տարիներին Հայաստանի իշխանությունները կարողացել են միաժամանակ հարաբերություններ փչացնել բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնների և մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող մայրաքաղաքների հետ:

Հայաստանի արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունը տոտալ տապալված են։

Հայաստանը ինքնաիզոլացվել է միջազգային հանրությունից և միջազգային քաղաքականությունից, պրոֆեսիոնալիզմի բացակայության և անադեկվատ որոշումների կայացման պատճառով:

Հայ-ռուսական հարաբերությունները բացարձակապես չեն համապատասխանում ռազմավարական դաշնակիցներին բնորոշ հարաբերություններին:

Հայ-ամերիկյան հարաբերությունները գտնվում են պատմականորեն ամենացածր մակարդակի վրա: Միակ օրակարգային հարցը ամերիկյան օգնության տրամադրման հարցն է:

Հայ-չինական հարաբերությունները, որոնք մշտապես եղել են երկկողմ հարաբերությունների էտալոն, վերջին երեք տարիների ընթացքում ստացել են անադեկվատ բնույթ:

Եվրպական Միության ուղղությամբ որևէ լուրջ քայլեր չեն ձեռնարկվում, չի ձևավորվում ադեկվատ օրակարգ: Ամբողջ օրակարգը պտտվում է բացառապես ԵՄ-ից եկող ֆինանսական աջակցության շուրջ:

Լուրջ համագործակցություն չկա ՀԱՊԿ-ի, ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի և այլ միջազգային կառույցների հետ, որոնց մենք անդամակցում ենք կամ համագործակցում ենք երկկողմ անհատական ծրագրերով:

Մեր վարած քաղաքականությունից ընդհանրապես գլուխ չեն հանում մեր հարևան և բարեկամ Իրանն ու Վրաստանը:

Հրատապ գործել է պետք՝ դառնալու համար կանխատեսելի, ադեկվատ, վստահելի գործընկեր: Մեր պրագմատիկ՝ այլ ոչ թե չհաշվարկված որոշումները աշխարհի կողմից ընկալելի են լինելու:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում